ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը
ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը հուլիսի 13-ին Երեւանում
կանցկացնի վարպետության դաս` “Սեփական ՏՏ-բիզնես. ինչո՞վ զբաղվել եւ
ինչպե՞ս դա իրականացնել” թեմայով:
Վարպետության դասին մասնակցելու համար պետք է գրանցվել` էլ. նամակ ուղարկելով ayb@ayb.am հասցեով մինչեւ հուլիսի 12-ը, ժամը 18:00-ն:
Վարպետության դասը կկայանա հուլիսի 13-ին, ժամը 13:00-14:30`ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 17-րդ մասնաշենքի դահլիճում:
- Հուլիսի 13-ին Երեւանում տեղի կունենա Ձեր վարպետության դասը` «Սեփական
ՏՏ բիզնես. ինչո՞վ զբաղվել եւ ինչպես դա անել» թեմայով: Հաշվի առնելով
Հայաստանի առանձնահատկությունները, ինչի՞ վրա եք դնելու հիմնական շեշտը:
- Հիմնական շեշտը դնելու եմ լսարանին` աշխարհում ՏՏ ոլորտում տեղի ունեցող
իրադարձություններին ծանոթացնելուն: Ցավոք, ամեն ինչ հնարավոր չէ իմանալ`
ինտերնետում լուրեր կարդալով, եւ բոլոր լուրերին էլ հավատալ չի կարելի: Եվ
ամեն ինչ չէ, որ կա լուրերում, հոդվածներում եւ բլոգներում: Այս կամ այն
իրադարձությունների նշանակությունը երեւում է, միայն երբ գլխումդ հստակ
պատկերացում կա, թե ինչ է իրականում կատարվում եւ ուր է ամեն ինչ շարժվում:
Պարզ ծանուցումից բացի, խոսելու եմ նաեւ այն մասին, թե ինչ
հնարավորություններ է տալիս ընթացիկ շուկան, ուր է պետք նայել, ինչ հաշվի
առնել, եթե ամեն դեպքում ՏՏ ապրանքների ստեղծմամբ զբաղվելու որոշում եք
կայացրել:
- ՏՏ ոլորտում գրեթե ամեն օր փոփոխություններ են տեղի ունենում, եւ
երբեմն թվում է, որ այս կամ այն գաղափարի իրագործման համար անհրաժեշտ
ժամանակահատվածում այն անհուսալիորեն կհնանա: Ի՞նչ պետք է անեն սկսնակ
գործարարները ժամանակի հետ հավասար քայլելու համար:
- Կարելի էր տալ ամենաարդյունավետ դեղատոմսը` ավելի հաճախ այցելել Սիլիկոնի
հովիտ: Բայց դա այնքան էլ հեշտ չէ անել: Կարծում եմ, որ պետք է ստեղծել
այն ապրանքները, որոնք արագ չեն հնանում, այդ պատճառով էլ դրանք պետք է
երկարաժամկետ հեռանկար ունենան: Մենք մի փոքր կխոսենք երկարաժամկետ
հեռանկարների եւ ռազմավարություն կառուցելու մասին:
- Մեկ այլ մտավախություն վերաբերում է այն հանգամանքին, որ ՏՏ շուկան
բաժանված է հսկաների միջեւ, եւ քո գաղափարի հաջողության հավանականությունը
չնչին է: Ի՞նչ կասեք այս առումով:
- ՏՏ շուկան, բնականաբար, մեծ մասամբ պատկանում է մեծ ընկերություններին:
Բայց, առաջին հերթին, ամեն ինչ չէ, որ բաժանված է: Երկրորդը` հսկաները չեն
տեսնում այն մանրուքները, որոնցից կարող է մեծ բան դուրս գալ: Հիշենք, թե
ինչպես Microsoft-ը “աչկաթող արեց” ինտերնետը: Կամ ինչպես Nokia-ն եւ
Blackberry-ն “աչկաթող արեցին” iPhone-ը: Այն, որ ՏՏ շուկան արագ փոփոխվում
է, խոշոր ընկերությունների համար արագ արձագանքելու դժվարություն է
ստեղծվում. նրանք կորցնելու բան ունեն: Սկսնակները կարող են գործել առանց
այդ խնդիրները հաշվի առնելու, եւ դա նրանց հնարավորություն է տալիս ավելի
ակտիվ եւ արդյունավետ լինել:
- Հայաստանում չկան վենչուրային հիմնադրամներ: Լավ գաղափարներ
ունեցող սկսնակ գործարարներին որտե՞ղ եք խորհուրդ տալիս դրամական միջոցներ
հայթայթել: Որքանո՞վ է իրական գտվելով Երեւանում՝ ֆինանսավորում ներգրավել
ԱՄՆ-ից:
- Փոքր երկրում դժվար է ստեղծել վենչուրային հիմնադրամներ: Վենչուրային
բիզնեսի համար կարեւոր է ծավալը. հաջողության է հասնում է տասնյակ
ներդրումներից մեկը: Ըստ էության, հենց դրանում է վենչուրային բիզնեսի
իմաստը: Այդ պատճառով էլ առաջին փուլում ֆինանսավորում պետք է փնտրել
"Friends and family" (ընկերներ եւ ընտանիք) սկզբունքով եւ անել նախագծեր,
որոնք կարող են օրգանապես աճել` առանց վենչուրային ֆինանսավորման: Դա բարդ
է, բայց անհնարին բան չկա: Եթե Հայաստանում գոնե մի քանի հաջող նախագծեր
ստեղծվեն, որոնք կկարողանան դուրս գալ միջազգային մակարդակի, միջազգային
ներդրողների կողմից հետաքրքրություն կառաջանա: Մյուս կողմից, իհարկե,
պետությունը ինքը պետք է ջանքեր գործադրի. հիմնադրամներ ստեղծի,
ներդրումներ կատարի եւ ներգրավի մասնավոր ներդրողների:
- Երկու տարի առաջ մեր գործակալության հետ հարցազրույցում ասել էիք,
որ Հայաստանում առկա են համակարգային խնդիրներ, եւ երբ ABBYY-ում գնահատում
էիք աութսորսինգային հարթակի ստեղծման հեռանկարները, հասկացաք, որ Երեւանը
զիջում է այլ թեկնածուներին: Այս երկու տարվա ընթացքում իրավիճակը ինչ-որ
կերպ փոխվե՞լ է:
- Իրավիճակը շատ չի փոխվել, թեեւ ակնհայտ է, որ առաջխաղացում կա: Ցավոք,
չկա որեւէ գործողություն պետության կողմից: Բայց նստել եւ սպասել, մինչեւ
իրավիճակը կփոխվի, նույնպես ճիշտ չէ: Հայաստանում կան առողջ ուժեր, եւ իմ
նպատակն է անել ինձանից կախված ամեն ինչ դրանց հաջողության հասնելու
օգնելու համար: Շատ ուրախ կլինեմ, եթե իմ վարպետության դասը ինչ-ոչ կերպ
նպաստի դրան: