11:36 | 16.08.11 | Հարցազրույցներ | exclusive 7787

«ARMTELEMED կոնգրեսը կդառնա Հայաստանում հեռաբժշկության զարգացման կարեւոր խթան» - Գեորգի Չալտիկյան

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-16-ը Երեւանում կանցկացվի "ARMTELEMED – ճանապարհ դեպի ապագա” խորագրով հեռաբժշկությանը և էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային կոնգրեսը: Միջոցառումն անցկացվելու է Հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջապահության միջազգային ընկերության (International Society for Telemedicine and eHealth - ISfTeH) եւ Հեռաբժշկության ամերիկյան ասոցիացիայի (American Telemedicine Association – ATA) հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ), Հայ-ռուսական համալսարանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Կայանալիք միջոցառման եւ Հայաստանում հեռաբժշկության ներկա իրավիճակի մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը

- Որո՞նք են Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ, Armenian Association of Telemedicine - AATM) հիմնական գործառույթները եւ Հայաստանում հեռաբժշկության ո՞ր ոլորտների զարգացումն է թիրախավորում ՏԲՀԱ -ն: 


- ՏԲՀԱ -ն հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2008թ-ին` ունենալով նպատակ Հայաստանում զարգացնել հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության դաշտը (Health ICT), ապահովել առողջապահության ոլորտում տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների կիրառման զարգացումը:

Հեռաբժշկությունը բավականին լայն ոլորտ է, սակայն նրա կիրառման հիմնական ուղղությունը հեռավորության վրա տրամադրվող կլինիկական ծառայություններն են, երբ բժիշկը եւ հիվանդը կամ երկու բժիշկներ գտնվում են իրարից մեծ հեռավորության վրա:

Այսօր աշխարհում կան հեռաբժշկության բազմաթիվ գործող ծրագրեր եւ ցանցեր: Նեղ մասնագիտական ծառայությունները սովորաբար կենտրոնացված են լինում մեգապոլիսներում, եւ հեռավոր շրջանների բնակիչները հաճախ կարիք ունեն մասնագետի, որը գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Հեռաբժշկությունը լուծում է այս հարցը:

Հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջապահության գործիքները կարեւորագույն նշանակություն ունեն բժիշկների մասնագիտական աճի համար: Պատկերացնենք, որ լայն պրոֆիլի որեւէ բժիշկ աշխատում է Հայաստանի հեռավոր շրջանում եւ, ունենալով այս հնարավորությունը, կարողանում է խորհրդակցել նեղ մասնագիտացած մեկ այլ բժշկի հետ, որը կարող է խորհրդատվություն տրամադրել, թե ինչպես բուժել հիվանդին:

- Ինչպե՞ս է այսօր տեղի ունենում հեռահար եղանակով բժիշկ-հիվանդ շփումը: Որքանո՞վ է այն կարող փոխարինել դասական կլինիկական ծառայությանը:

- Այսօր գնալով ավելի ու ավելի շատ առողջապահական ծառայություններ սկսում են լայնորեն կիրառել ինտերնետը և համակարգչային, կամ թվային այլ տեխնոլոգիաներ: Բերեմ մի օրինակ. էլեկտրոնային կարդիոգրամն այսօր կարելի է ստանալ հատուկ սարքի միջոցով տնային պայմաններում եւ ուղարկել տվյալները էլեկտրոնային ձևով, ինտերնետի միջոցով բժիշկին: Վերջինս, լինելով ցանկացած տեղ, կարող է նայել այն, օրինակ, իր սմարթֆոնով, այնուհետեւ տալ հիվանդին անհրաժեշտ խորհրդատվությունը: Ի դեպ, քանի որ խոսքը գնաց սմարթֆոնների մասին, նշեմ, որ ներկայումս հեռաբժշկությունն ավելի ու ավելի շատ անցում է կատարում շարժական սարքերի վրա:

- Հեռո՞ւ է այն օրը, երբ հեռաբժշկությունը կընդգրկի իր մեջ վիրահատությունները:


- Վիրաբուժությունն այս առումով ամենապահպանողական ոլորտն է: Եթե շատ ոչ վիրաբուժական ծառայություններ, օրինակ՝ թերապեւտիկ կամ ախտորոշման ծառայությունները, կարելի է հեշտությամբ անել հեռահար ռեժիմում, ապա վիրահատական միջամտության պարագայում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, նույնիսկ այս ոլորտում արդեն արվել են առաջին քայլերը:

Խոսքը, թերեւս, գնում է վիրաբուժական ռոբոտների միջոցով արվող վիրահատությունների մասին, երբ բժիշկը հատուկ «ջոյսթիքներով» կառավարում է ռոբոտին, որի «ձեռքերում» գտնվում են վիրաբուժական գործիքները: Նման ռոբոտները լայնորեն կիրառվում են զարգացած երկրներում. կան երկրներ, որտեղ ռոբոտիկ վիրահատությունները դարձել են ստանդարտ մի շարք հիվանդությունների ժամանակ, օրինակ՝ շագանակագեղձի հեռացման վիրահատությունները:
Վիրաբույժն այս դեպքերում, չնայած գտնվում է նույն վիրահատարանում, սակայն առանձնացված է հիվանդից եւ աշխատում է իր «ջոյսթիքներով»: Նույն հաջողությամբ նա կարող էր նստել 1000-ավոր կիլոմետրեր հեռու եւ գերարագ ինտերնետ կապի միջոցով կառավարել ռոբոտին, ինչպես օրինակ 2001 թ. Ֆրանսիացի վիրաբույժ Ժ. Մարեսկոն, գտնվելով Նյու-Յորքու, վիրահատեց Ստրասբուրգում գտնվող հիվանդին: Սակայն նման դեպքերն այսօր դեռ գտնվում են փորձարարական դաշտում:

- Հայաստանի պատմության մեջ հեռաբժշկության կիրառման ամենաակնառու դեպքը 1988-ի երկրաշարժն էր, երբ ամերիկյան մասնագետները ուղղորդում էին հայ բժիշկներին: Ըստ այդմ` կարելի է փաստել հայ մասնագետների մոտ հետաքրքիր փորձի առկայության մասին: Որքանո՞վ է այն կիրառվում այսօր:

- Իրոք, Հայաստանն ունեցավ այդ հիանալի փորձը բավականին շուտ, երբ այդ տեխնոլոգիաները ամբողջ աշխարհում դեռ նոր էին սկսում զարգանալ: Եվ, իհարկե, ինչպես հաճախ լինում է, այդ փորձը ձեռք է բերվել ողբերգական հանգամանքների պայմաններում: Պետք է ընդգծել, որ հեռաբժշկության կարեւորությունը ընդգծվում է հենց աղետների ժամանակ:

Երկրաշարժին հաջորդող տարիներին այս ոլորտը Հայաստանում չէր զարգանում հասկանալի պատճառներով: Մեր ասոցիացիայի ստեղծման հիմնական նախադրյալներից մեկը Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ՏՏ եւ կապի ոլորտների բուռն զարգացումն էր:

Այսօր Հայաստանում դեռ վաղ է խոսել հեռաբժշկության կանոնավոր զարգացման մասին: Կան մի շարք էնտուզիաստների կողմից իրականացվող եզակի ծրագրեր: Կան մի շարք հիվանդանոցներ, որտեղ առկա են տեսակոնֆեռանսի ապահովման համար անհրաժեշտ սարքավորումներ, գործընկերներ դրսում, որոնք ժամանակ առ ժամանակ խորհրդատվություն են տրամադրում բժիշկներին եւ բուժվողներին: Այս բոլորը, սակայն, եզակի օրինակներ են: Համատարած եւ կանոնավոր գործող հեռաբժշկության ծառայություններ եւ էլեկտրոնային առողջապահության ծառայություններ մենք դեռ չունենք:

- Իսկ ի՞նչ է անում ՏԲՀԱ-ն՝ Հայաստանում հեռաբժշկության համակարգային զարգացումն ապահովելու համար:

- Մենք փորձում ենք ակտիվացնել Հայաստանում հեռաբժշկության կիրառումը: Ասոցիացիան արդեն արել է Հայաստանում ժամանակակից հեռաբժշկության փորձեր: Առաջին փորձնական ծրագիրն արեցինք 2010թ-ին USAID-ի ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում երեւանյան առաջատար մասնագետները կլինիկական խորհրդատվություն էին տրամադրում Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ամբուլատորիա եկած հիվանդներին: Այս նախաձեռնությանը հաջորդեցին եւս մի քանիսը:
Մեր տեսլականն է ստեղծել այնպիսի ցանց, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցները եւ կլինիկաները կապվեն իրար եւ գյուղական ամբուլատորիաների հետ, որոնց միջոցով հիվանդներն ամբողջ Հայաստանում հնարավորություն կունենան կապնվել նեղ մասնագետներին եւ ստանալ մասնագիտական խորհրդատվություն:

Ունենք եւս մեկ նպատակ՝ ստեղծել էլեկտրոնային առողջապահության պորտալ, որը հասանելի կլինի թե բժիշկների, թե հիվանդների համար: Համոզված եմ՝ մոտակա տարիներին մենք տեսնելու ենք լուրջ առաջընթաց այս ուղղությամբ:
Մեր ասոցիացիան այսօր հանդիսանում է Հեռաբժշկության եւ էլեկտրոնային առողջապահության միջազգային ընկերության ազգային անդամ, այսինքն՝ ներկայացնում է Հայաստանի հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության դաշտը այդ գլոբալ կառույցում: Ի դեպ, հարկ է նշել նաև, որ օգտագործելով իր լայն միջազգային կապերը, ՏԲՀԱ-ն այսօր արդեն տրամադրում է թե՝ իր անդամ-բժիշկներին, թե՝ դիմող հիվանդներին նաև արտերկրի առաջատար մասնագետների հետ խորհրդակցելու հնարավորությունը:

- Անդրադառնանք կոնգրեսին:  Ովքե՞ր են նրան մասնակցելու եւ որոնք են լինելու քննարկումների հիմնական թեմաները:


Հեռաբժշկությանը և էլեկտրոնային առողջապահությանը նվիրված հայկական միջազգային կոնգրեսը նման ֆորմատի առաջին միջոցառումն է թե Հայաստանում, թե տարածաշրջանում: Կոնգրեսի նպատակն է՝ մի տանիքի ներքո հավաքել շահագրգռված անձանց առողջապահության, ՏՏ, կապի ոլորտներից եւ կառավարությունից, որպեսզի ակտիվացնել Հայաստանում այս ոլորտի զարգացումը:

Կոնգրեսին մասնակցելու են ելույթներով արտասահմանյան առաջատար մասնագետներ, որոնք ունեն հեռաբժշկության զարգացման տասնյակ տարիների փորձ, շատերը ոլորտի հիմնադիրներն են աշխարհում, անցել են իրենց երկրներում ոլորտի զարգացման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհով: Ի շնորհիվ ՏԲՀԱ-ի ակտիվ գործունեությանը և ստեղծված գլոբալ համագործակցությանը, այդ փորձագետները համաձայնվել են այցելել Հայաստան և կիսվել կոնգրեսի մասնակիցների հետ իրենց անգնահատելի փորձով: Կոնգրեսին ակնկալվում է ավելի քան 300 մասնակիցների ներկայություն:

Այն մասին, թե ինչ է կատարվելու Երեւանում կոնգրեսի 3 օրերի ընթացքում, կիմանան հեռաբժշկության ոլորտում ներգրավված մասնագետներ ամբողջ աշխարհով մեկ, որոնց համար Հայաստանը կդառնա ավելի ճանաչելի: Սա նաև լուրջ հնարավորություն է ընձեռում ոլորտում գործող կամ ոլորտի զարգացմամբ հետաքրքրված հայաստանյան կազմակերպություններին, ընկերություններին և մասնագետներին իրենց գործունեությունը ներկայացնել միջազգային հանրությանը: Կարծում ենք, կոնգրեսը կդառնա Հայաստանում հեռաբժշկության զարգացման կարեւոր խթան. այն կբերի ոլորտի ակտիվացմանը եւ ներդրումների ներհոսքին: