13:26 | 07.06.11 | Նորություններ | 4167

Orange-ը միանում է IPv6 ինտերնետ արձանագրության Համաշխարհային օրվան

Երեւան/Մեդիամաքս/. Orange Արմենիան միանում է Internet Society կազմակերպության նախաձեռնությանը` հունիսի 8-ին մասնակցելու եւ աջակցելու IPv6 արձանագրության Համաշխարհային օրվան:

Հունիսի 8-ից սկսած  ընկերության www.orangearmenia.am կայքը հասանելի կլինի ինչպես IPv4, այնպես էլ IPv6 արձանագրությունների միջոցով:

IPv6 արձանագրության ներդրումն էական նշանակություն ունի ինտերնետի արդյունավետ զարգացման համար: Այսօր, երբ ինտերնետին միանալու համար նախատեսված յուրաքանչյուր սարքավորում (համակարգիչ, բջջային հեռախոս, պլանշետ եւ այլն) հիմնված է եզակի IP հասցեի վրա, ինտերնետ միացման համար անհրաժեշտ են ավելի շատ IP հասցեներ:

Ներկայումս օգտագործվող IPv4 արձանագրությունն օգտագործում է IP հասցեների 32-բիթանոց ձեւաչափ կամ, այլ կերպ ասած, տրամադրում է 4.29 միլիարդ եզակի IP հասցեներ:

2011թ. փետրվարին IPv4 բոլոր հասցեները սպառվեցին եւ անհրաժեշտություն ծագեց մշակել նոր IPv6 ինտերնետ արձանագրություն, որն օգտագործում է IP հասցեների 128-բիթանոց ձեւաչափ եւ հնարավոր է դարձնում ստանալ ավելի շատ IP հասցեներ եւ ինտերնետին միացնել ավելի մեծ թվով սարքավորումներ:

Հաջորդ փուլի համար Orange-ը նախատեսում է իրականացնել ցանցի փորձարկում եւ վերազինում, որպեսզի հետագայում հնարավոր լինի ապահովել անարգել անցումը նոր IPv6 ինտերնետ արձանագրությանը: