«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
13:47 | 24.11.10 | Նորություններ | 3865
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ի ավելի քան երկու հազար բաժանորդ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2010»-ին:
2010թ-ի նոյեմբերի 22-ի դրությամբ ընկերության բաժանորդները «Ջուրը կյանք է» ծրագրին տրամադրել են շուրջ 1 միլիոն դրամ, այսօր հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
««ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում աջակցում է հեռուստամարաթոնի անցկացմանը: Համոզված եմ, որ այս օրերին մեր բաժանորդներն էլ ավելի ակտիվ մասնակցություն կցուցաբերեն` հանուն Հայաստանի պայծառ ապագայի: Ապրելով Հայաստանում եւ անմիջական շփում ունենալով հայ ժողովրդի հետ` վստահաբար կարող եմ ասել, որ այս հեռուստամարաթոնը կհանդիսանա հայերի միասնական կամքի դրսեւորման եւս մեկ ապացույց»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Անչափ ուրախ եմ, որ այս տարի SMS-դրամահավաքին մասնակցելու հնարավորություն ստացան նաեւ «ԱրմենՏել»-ի բաժանորդները: «ԱրմենՏել»-ը, որ նախկինում եղել եւ շարունակում է մնալ մեր նվիրատուն, այժմ էլ նույն հաջողությամբ դարձավ մեր վստահելի գործընկերը դրամահավաքի կազմակերպման գործում: Հիմնադրամն իրոք միավորում է բոլորին. SMS-դրամահավաքին մասնակցում են բջջային կապի հայաստանյան բոլոր երեք օպերատորները»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Հեռուստամարաթոն-2010»-ը կկայանա նոյեմբերի 25-ին: 8000 կարճ համարի միջոցով SMS-դրամահավաքը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 30-ը: 8000 կարճ համարից ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
2010թ. մարաթոնը կանցնի «Ջուրը կյանք է» կարգախոսով: Այս տարվա հիմնական խնդիրն է Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի կառուցման ֆինանսավորումը եւ Հայաստանի Հանրապետության գյուղերի զարգացման ծրագիրը: