16:58 | 28.09.10 | Նորություններ | 5083
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ Samsung ընկերությունները հայտարարել են Հայաստանում Samsung Galaxy S սմարթֆոնների բացառիկ եւ պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայությունում, 4 դյույմ չափի Super AMOLED էկրանով եւ Android գործառնական համակարգի վերջին տարբերակով գործող Samsung Galaxy S սմարթֆոնը հայաստանյան սպառողին առաջարկում է տեխնոլոգիական վերջին նվաճումները եւ բջջային հաղորդակցության ընդլայնված հնարավորությունները:
««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նպատակ ունի հայաստանյան շուկայում ներկայացնել օգտագործողի կարիքներին համապատասխանող հարմարավետ սարք, որը թույլ կտա վայելել ձայնային եւ բարձր արագության տվյալների փոխանակման ծառայությունները` անկախ գտնվելու վայրից»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով, Samsung ընկերության հետ համագործակցության արդյունքում կոմպակտ տեսքով նորարարական Samsung Galaxy S սմարթֆոնի ներմուծումը հայաստանյան շուկա հերթական քայլն է, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում զգալ տարաբնույթ քոնթենթի ինտերնետի արագ հասանելիությունը` օգտվելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 3.5G ցանցի առավելություններից:
Samsung Galaxy S սմարթֆոնը հայաստանյան շուկայում ներկայացված է երկու տարբերակով` 16Գբ եւ 8Գբ ներքին հիշողությամբ, համապատասխանաբար, 315 հազ. եւ 295 հազ. դրամ արժողությամբ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերված Samsung Galaxy S սմարթֆոնների համար տրամադրվում է 1 տարվա պաշտոնական երաշխիք: Հեռախոսները կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: