13:36 | 28.09.10 | Նորություններ | 4133
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարության ոսկե մեդալով է պարգեւատրել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արմեն Աշոտյանը Ռալֆ Յիրիկյանին հանձնել է «Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ» հուշամեդալը կրթության ոլորտում բարեգործական գործունեության համար:
Նրա խոսքերով, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը լոկոմոտիվ է սոցիալական-կորպորատիվ պատասխանատվության ոլորտում, մասնավորապես, կրթության աջակցության հարցում: Արմեն Աշոտյանը նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործունեության մոդելի բարձր արդյունավետությունը` ասելով, որ նախարարությունը եւս հավատարիմ է նման սկզբունքների:
Ռալֆ Յիրիկյանը Արմեն Աշոտյանին շնորհակալություն է հայտնել պարգեւի համար` նշելով, որ այդպիսի գնահատականը ստիպում է ավելի շատ հավատալ սոցիալական-կորպորատիվ պատասխանատվության իր սկզբունքներին: «Մենք հավատում ենք մեր երկրի ապագային, սակայն այն չի կարող ավելի լավը լինել, եթե կորիզը, այսինքն` երիտասարդ սերնդի կրթությունը, չապահովվի անհրաժեշտ մակարդակով»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Առաջիկայում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը կներկայացնի 2011թ. կրթության աջակցության ծրագիրը: