14:19 | 17.05.10 | Նորություններ | 3540
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում պաշտոնապես ներկայացվել են HTC-ի Android օպերացիոն համակարգով սմարթֆոնները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դեռեւս ներկայացվել են սմարթֆոնների երկու մոդելներ` HTC Tattoo եւ HTC Hero, որոնց սպասարկման երաշխիքային ժամկետը կազմում է 12 ամիս: Առաջիկայում կներկայացվեն նաեւ այլ մոդելներ: HTC Tattoo-ի գինը 135 հազ. դրամ է, իսկ HTC Hero-ինը` 195 հազ. դրամ:
Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ HTC սմարթֆոնները «կապակցված» չեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի SIM-քարտերին:
Ինչպես նշել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում HTC ընկերության տարածաշրջանային տնօրեն Անդրեյ Կորմիլցեւը, «ես վստահ եմ, որ Հայաստանում մեր ընկերությունը մեծամասամբ հաջողություն կունենա նաեւ մեր գործընկերոջ շնորհիվ, որի «ՎիվաՍել-ՄՏՍ» բրենդն այստեղ այդքան տարածված է»:
Նա ընդգծել է, որ HTC ընկերությունը հստակ գիտակցում է հայաստանյան շուկայում զարգացման հեռանկարները, սակայն դեռեւս վաղ է վաճառքի ցուցանիշներ կանխատեսել: Ինչ վերաբերում է Orange Armenia-ի խանութներում HTC սմարթֆոնների հայտնվելուն, ապա, Անդրեյ Կորմիլցեւի խոսքերով, Orange-ը HTC-ի գլոբալ գործընկերն է ամբողջ աշխարհում:
«Վերջերս մենք սկսեցինք Հայաստանում մեր սարքավորումների էպիզոդիկ վաճառքները, սակայն այժմ հայտարարում ենք հայաստանյան շուկա ռազմավարական մուտքի մասին` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ»,- ասել է Անդրեյ Կորմիլցեւը: