15:51 | 10.03.10 | Նորություններ | 2967

“Ամերիա”-ն աշխատում է Երեւանի տեխնոպարկի ծրագրի նախագծի վրա

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ “Ամերիա” ՓԲԸ-ն կավարտի ՀՀ կառավարության “Տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման” ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները:

2010թ. հունիսին շահագրգիռ կողմերին կներկայացվի հետազոտության արդյունքների  ամփոփ վերլուծությունը,- այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ամերիա”-ում:

Համաշխարհային բանկի /ՀԲ/ ֆինանսավորմամբ իրականացվող “Տեխնոլոգիաների մրցունակության բարձրացում” ծրագիրը ներառում է ինովացիոն ենթակառուցվածքի եւ Երեւանի տեխնոպարկի ծրագրերի իրականացում:

Նպատակ ունենալով ձեւավորել ինովացիոն եւ մրցունակ գիտելիքներով հասարակություն` ծրագիրն ուղղված է Հայաստանում օժանդակ միջավայրի ստեղծմանը, որն ենթադրում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների մրցունակ գործունեության համար  համապատասխան ենթակառուցվածքի, էլեկտրոնային  ծառայությունների եւ այլ օժանդակող կառույցների ապահովում:

“Ամերիա”-ն կկատարի Երեւանի տեխնոպարկի ծրագրի նախագծումը, իրագործելիության ուսումնասիրումը, տեղանքի/վայրի ընտրությունը, բիզնես ծրագրերի մշակումը եւ գործընկերների ընտրությունը:

Երեւանի տեխնոպարկի ծրագրի նպատակն է Երեւանի մոտակայքում ստեղծել խոշոր տեխնոպարկ, որն իր մեջ կներառի գրասենյակային շենք, ուսումնական կենտրոններ, կոնֆերանսի դահլիճ եւ հարմարանքներ, վենչուրային ֆինանսավորման եւ սկսնակ ձեռնարկությունների աջակցման ծառայություններ եւ այլ օժանդակ ենթակառույցներ /բանկեր, հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն/: Ծրագիրը թույլ կտա ապահովել լիարժեք ենթակառուցվածք` ծրագրավորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող երեւանյան եւ ՀՀ այլ ընկերություններին անհրաժեշտ տարածքով եւ ծառայություններով ապահովելու նպատակով: