11:06 | 10.03.10 | Նորություններ | 2694

Մեդիամաքսը գործարկել է Adver.am նախագիծը

Երեւան/Մեդիամաքս/. Մեդիամաքս մեդիա-ընկերությունն այսօր հայտարարել է www.Adver.am նոր ինտերնետային նախագծի գործարկման մասին:

“Ինտերնետային նախագծերը Մեդիամաքսի գործունեության առանցքային ուղղություններից են: Մեր պորտալները` Auto.am, Banks.am, Bravo.am եւ Itel.am, ամենամասսայականներից ու ամենմոնետիզացվածներից են հայկական ինտերնետում: www.Adver.am-ի ստեղծման նպատակը մեր ռեսուրսներում գովազդի վաճառքի միասնական հարթակի ստեղծումն է, ինչը հարմար կլինի գովազդատուներին”,- ասել է Մեդիամաքսի ինտերնետային նախագծերի տնօրեն Կարեն Անտոնյանը:

Մեկնաբանելով www.Adver.am-ի գործարկումը` Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը նկատել է, որ ապագայում ռեսուրսում կգործարկվի նաեւ գործընկերային ծրագիր, որի շնորհիվ գովազդատուների ուշադրությանը կներկայացվեն Մեդիամաքսին չպատկանող, սակայն որակի որոշակի չափանիշների համապատասխանող կայքեր:

“Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում www.Adver.am-ը կնպաստի հայկական ինտերնետում քաղաքակիրթ գովազդային շուկայի ձեւավորմանը”,- ասել է Մեդիամաքսի տնօրենը: