13:44 | 10.03.10 | Նորություններ | 3487

“ԱրմենՏելը” մտադիր է Հայաստանում ներդնել “Բջջային էթիկայի” խարտիան

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է երեխաների պաշտպանության մասնագետների ֆորումը “Անվտանգ բջջային կապ. երեխաների զարգացման հնարավորությունները” ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ֆորումի ընթացքում կքննարկվի “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի կողմից իր ներկայության երկրների համար մշակված “Բջջային կապից օգտվելու էթիկայի վերաբերյալ” խարտիայի նախագիծը:

“ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասել է, որ դպրոցական տարիքի հայ երեխաների 80-90%-ը օգտվում է բջջային հեռախոսներից, եւ մեծահասակների առջեւ խնդիր է դրված ապահովել դրանց գրագետ եւ անվտանգ օգտագործումը:

Խարտիայի նախագիծը ենթադրում է հետեւյալ գործողությունները.

- անջատել բջջային հեռախոսն այն դեպքերում, երբ ռադիոկապի օգտագործումը կարող է վտանգի ենթարկել այլ մարդկանց կյանքը (ինքնաթիռ, բժշկական համալիր եւ այլն);

- անջատել անհատական բջջային հեռախոսը կամ միացնել անձայն ռեժիմ թատրոններում, կինոթատրոններում, համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, ինչպես նաեւ ծիսական արարողությունների ժամանակ;

- խուսափել բջջային հեռախոսի օգտագործումից տրանսպորտային միջոցը վարելու ժամանակ եւ այլն:

Անուշ Բեղլոյանն ասել է, որ խարտիայի ընդունման դեպքում “բջջային էթիկան” պետք է լայն տարածում գտնի դպրոցական տարիքի երեխաների շրջանում: