12:45 | 05.11.09 | Նորություններ | 3556

Orange-ը հայտարարել է, որ ունի ամենամեծ 3G+ ծածկույթը Հայաստանում

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր պաշտոնապես հայտարարել է հայաստանյան շուկա մուտք գործելու մասին: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում France Telecom խմբի նախագահ Դիդյե Լոմբարդն ասել է, որ Հայաստանում Orange-ը շեշտը դնելու է նորարարությունների վրա: Նա հիշեցրել է, որ France Telecom-ն ունի բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ, որոնք ամեն տարի պատենտավորում են 200 մշակում:

France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանթին ասել է, որ Orange Armenia-ն հատուկ ուշադրություն է դարձնելու Հայաստանում լայնաշերտ ինտերնետի զարգացմանը: Նա ընդգծել է, որ Orange-ի համագործակցությունը Apple-ի, Nokia-ի, Google-ի եւ այլ համաշխարհային բրենդերի հետ կնպաստի այդ խնդրի լուծմանը:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ այսօր ընկերության 2G եւ 3G+ ցանցերը հասանելի են ՀՀ բնակչության 83 տոկոսին եւ գործում են Հայաստանի 500 քաղաքներում եւ գյուղերում:

“Այսօր արդեն մենք կարող ենք հայտարարել, որ ունենք ամենամեծ 3G+ ցանցը Հայաստանում”,- ասել է Բրունո Դյութուան:

Այս շաբաթ Երեւանում կբացվեն Orange-ի 13, իսկ մարզերում` 25 խանութներ: Կգործարկվեն նաեւ վաճառքի 1500 կետեր:

Բրունո Դյութուան հայտնել է, որ նոյեմբերի 4-ի դրությամբ www.orangearmenia.am կայքի այցելուները գրանցել են 70 հազար հեռախոսահամարներ, որոնք կարելի է ակտիվացնել մեկ ամսվա ընթացքում` այցելելով Orange-ի ցանկացած խանութ: