09:46 | 05.11.09 | Նորություններ | 2897
Երեւան /Մեդիամաքս/. «Orange ինտերնետ» ծառայությանը մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները «Ինտերնետ հիմա» մոդեմը կստանան ընդամենը 1 դրամով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է Orange Armenia նոր բջջային օպերատորի գովազդային թերթիկում, որն այսօր տարածվել է մի շարք հայաստանյան թերթերի հետ:
Orange Armenia-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ ամսական սկսած 9 հազար դրամից (արագությունը` մինչեւ 7.2 Մբ/վրկ) եւ նշում է, որ ունի «ամենաընդարձակ 3G+ ծածկույթը Հայաստանում»:
Մինչեւ դեկտեմբերի 15-ը Orange Armenia ցանցին միացածներին օպերատորն առաջարկում է 300 անվճար րոպե ցանցի ներսում զանգահարելու համար: Մինչեւ նոր տարի Orange Armenia-ի բաժանորդների համար ամեն օր ցանկացած ուղղությամբ առաջին զանգի առաջին րոպեն եւս լինելու է անվճար:
Այսօր Orange Armenia-ն պաշտոնապես սկսում է աշխատանքը ՀՀ շուկայում: Այսօր կկայանա ընկերության ղեկավարի մամլո ասուլիսը եւ Orange Armenia-ի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը: