16:59 | 09.06.09 | Նորություններ | 3649
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ Հայաստանում France Telecom-ի գործունեությունը կօգնի էլ ավելի ազատականացնել հեռահաղորդակցության շուկան:
Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարել է այսօր France Telecom ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեի եւ Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ նախագահի խոսքերով, France Telecom-ի մուտքը հայաստանյան շուկա կարող է լավ հիմք դառնալ տնտեսության այլ բնագավառների զարգացման համար եւ նոր որակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Orange Armenia-ն Հայաստան կբերի իր փորձը եւ ծառայությունների բազմազանությունը, կավելացնի մրցակցությունը, որի արդյունքում կկատարվեն նոր ներդրումներ եւ կստեղծվեն նոր աշխատատեղեր:
France Telecom ընկերության փոխնախագահը վերահաստատել է իրենց հանձնառությունը` մատուցել որակյալ ծառայություններ, ապահովել արագ, ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային եւ հեռախոսային կապ:
Սերժ Սարգսյանն ընդգել է, որՀայաստանը շահագրգռված է, որ France Telecom-ը հնարավորինս արագ սկսի իր գործունեությունը երկրում, եւ հայտարարել է ընկերությանը անհրաժեշտ աջակցության ցուցաբերման պատրաստակամության մասին: