13:23 | 09.06.09 | Նորություններ | 3414

Orange-ը ցանկանում է դառնալ ամենասիրված օպերատորը Հայաստանում

Երեւան /Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ Orange Armenia-ն Հայաստանում կներդնի 80մլն եվրո եւ կբացի 400 աշխատատեղ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, այդ մասին այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է Orange ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին:

Նախարարը նշել է, որ Orange-ի մուտքը Հայաստան թույլ կտա ավելի ազատականացնել հեռահաղորդակցային շուկան:

Գուրգեն Սարգսյանը նշել է, որ տրանսպորտի եւ կապի  նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անում է Orange Armenia-ի լիարժեք գործունեությունը բնականոն հունով առաջ տանելու համար: Մասնավորապես, նշել է նա, պայմանավորվածություն  կա ամեն շաբաթվա աշխատանքային վերջին օրը հանդիպել Orange Armenia-ի տնօրեն Բրունո Դութուայի հետ եւ քննարկել կատարած աշխատանքների, առաջած խնդիրների մասին:

“Կարծում եմ, անմիջական շփման այս ձեւը արդյունավետ աշխատանքների իրականացման համար բավականին նպատաստավոր պայմաններ է ստեղծում, եւ քանի որ հասարակությունն անհամբեր սպասում է ձեր ընկերության աշխատանքների մեկնարկին, ուստի կարծում եմ, որ անհաժեշտ է էլ ավելի հրապարակային աշխատել”,- նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը:

Օլաֆ Սուանտին  ասել է, որ Orange-ի նպատակն է Հայաստանում  ձեռք բերել առաջատարի, նորարարի եւ ամենասիրվածը լինելու համբավ: Նա հավաստիացրել է, որ այս տարվա վերջին եռամսյակում Orange Armenia-ն կսկսի մատուցել ինտերնետային եւ բջջային կապի ծառայություններ: