14:06 | 13.04.09 | Նորություններ | 3898

“Առանց խորհրդատվական ծառայությունների զարգացած շուկայի Հայաստանի ՏՏ ոլորտը կմնա համաշխարհային զարգացման ետնաբեմում”

“ԼԱՆՍ” ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գագիկ Խաչատրյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին

- ԼԱՆՍ-ը Հայաստանի համար առաջնահերթ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող խոշորագույն ընկերություններից է: Որո՞նք են ձեր գործունեության հիմնական ուղղությունները:

- Ընկերությունը ստեղծվել է 90-ական թվականների սկզբին եւ առաջին փուլում հիմնականում զբաղվում էր համակարգիչների եւ համապատասխան սարքավորումների հավաքմամբ ու մատակարարմամբ: Այն ժամանակ անձնական համակարգիչ եւ տպիչ ունենալը շատերի համար երազանքների սահմանագիծն էր: Այժմ իրադրությունն արմատապես փոխվել է. շատ կազմակերպություններում ստեղծվում է բարդ, համաշխարհային տեղեկատվական ցանցին ինտեգրված ՏՏ ենթառակուցվածք, որը ներառում է հզոր սերվերներ, ցանցային բարդ սարքավորումներ, տասնյակ եւ հարյուրավոր համակարգիչներ:

Ներկայումս մենք ԼԱՆՍ-ը դիրքավորում ենք որպես համակարգային ինտեգրատոր, որը գործընկերներին առաջարկում է նման խնդիրների ցանկացած բարդության համալիր լուծումներ: Այդ լուծումները կարող են ներառել համակարգչային եւ ցանցային սարքավորումների, տեղեկատվության պահպանման ու պաշտպանության համակարգերի մատակարարում եւ ներդնում, կաբելային տնտեսության ստեղծում, խորհրդատվական ծառայություններ, տեղադրված համակարգերի տեխնիկական սպասարկում:   

- ԼԱՆՍ-ը այնպիսի հայտնի ընկերությունների բիզնես գործընկերն է, ինչպիսիք են Dell-ը եւ IBM-ը: Ի՞նչ առավելություններ է դա տալիս ընկերությանն ու ձեր հաճախորդներին:

- ԼԱՆՍ-ը բոլոր վերոնշյալ բնագավառներում գործող բազմաթիվ համաշխարհային առաջատար արտադրողների բիզնես գործընկերն է: Մեր ընկերության ձեռք բերած առավելությունների թվում առաջին հերթին կցանկանայի առանձնացնել մեր մասնագետների պարբերական ուսուցման հնարավորությունը եւ մեզ մատուցվող տեխնիկական ու փորձագիտական աջակցությունը: Եվ, բնականաբար, սարքավորումների բոլոր տեսակների գործընկերային գները: Այդ բոլոր առավելություններն ավտոմատ կերպով փոխանցվում են մեր հաճախորդներին, որոնց մենք կարող ենք առաջարկել նրանց խնդիրների օպտիմալ լուծում, որակյալ տեխնիկական սպասարկում եւ լավ գներ:

- Ի՞նչ հիմնական պահանջներ են ներկայացվում բիզնես գործընկերների կարգավիճակ ստանալու համար:

- Արտադրող ընկերությունները տարբեր կերպ են կառուցում իրենց գործընկերային հարաբերությունների համակարգը: Յուրաքանչյուր ընկերություն, որպես կանոն, ունի գործընկերության մի քանի մակարդակ, եւ դրանցից ամենացածրի համար որեւէ հատուկ պահանջ չի առաջադրվում, սակայն հատուկ առավելություններ եւս չեն տրվում: Dell-ի կամ IBM-ի պես ընկերությունների բարձր մակարդակի գործընկեր լինելու համար անհրաժեշտ նախապայմանն որակյալ, հավատարմագրված մասնագետների առկայությունն է եւ պատասխանատու վերաբերմունքը ստանձնած գործընկերային պարտավորությունհների նկատմամբ: 

- Սարքավորումների մատակարարումից եւ տեղադրումից բացի ԼԱՆՍ-ը զբաղվում է նաեւ լոկալ համակարգչային ցանցերի անցկացմամբ: Ի՞նչ չափանիշներով եք աշխատում: Ի՞նչ խոշոր կազմակերպությունների հետ եք համագործակցում:

- Ցանցերի անցկացումը մենք դիտարկում ենք ոչ թե որպես մեր գործունեության առանձին ուղղություն, այլ որպես մեկ խնդրի մի մաս` ինտեգրված լուծումների տրամադրում: Մեր հաճախորդներից շատերն արդեն գիտակցում են այդպիսի մոտեցման կարեւորությունը: Ինչ վերաբերում է չափանիշներին, ապա գոյություն ունի միջազգային չափանիշների համակարգ, որով աշխատում է նաեւ մեր ընկերությունը, որն ունի բոլոր անհրաժեշտ հավաստագրերը, այդ թվում նաեւ ISO համապատասխան սերտիֆիկատ: Մեր հատուկ սարքավորումները, որակավորված մանագետներն ու օգտագործվող նյութերը ԼԱՆՍ-ին թույլ են տալիս անցկացնել ցանկացած, այդ թվում նաեւ` բարձրագույն տիպի ցանցեր: Հայաստանում ներկայումս առավել լայնորեն օգտագործվում են 5E տիպի ցանցերը, որոնք ամբողջությամբ բավարարում են ներկայիս պահանջներին: Սակայն որոշ կազմակերպություններ, մասնավորապես` բանկեր, արդեն անցնում են բարձրագույն` 6-րդ տիպին, եւ մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի առաջարկենք նաեւ 6-րդ տիպի ցանցերի տեղադրում:

Մենք ունենք նաեւ ցանցերի անցկացման փորձ ինչպես շատ մեծ կազմակերպություններում (օրինակ` Synopsys ընկերության` ավելի քան 5 հազար վերջնական կետից բաղկացած ցանցը), այնպես էլ ՀՀ ողջ տարածքում տեղաբաշխված կազմակերպություններում (օրինակ, “ԱրմենՏելի” եւ “ՎՏԲ բանկի” ենթակառույցների ցանցերը):

- Ի՞նչ մակարդակի տեխնիկական սպասարկում եք առաջարկում: Ինչպիսի՞ք են ձեր երաշխիքային սպասարկման ժամկետները:

- Որակավորված տեխնիկական սպասարկումն ավելի ու ավելի մեծ դեր է խաղում: Բանկերի, սուպերմարկետների ցանցերի կամ հեռահաղորդակցային ընկերությունների պես բազմաթիվ ընկերությունների համար սարքավորումների անսարքությունը կարող է հանգեցնել հսկայական վնասների: Այդ իսկ պատճառով այդպիսի ընկերությունները գնում եւ տեղադրում են բարդ սարքավորումներ միայն տեխնիկական սպասարկում իրականացնող հավաստագրված կազմակերպության առկայության պայմանով: ԼԱՆՍ-ն անցյալ տարի իրենց սերվերների եւ պահպանման համակարգերի սպասարկման հավաստագրեր ստացավ Dell-ից եւ IBM-ից, եւ մասնավորապես դրա շնորհիվ շատ ընկերություններ այդ արտադրողների բարդ լուծումների գնման մասին որոշում կայացրեցին:

Երաշխիքային ժամկետները կախված են սարքավորման տեսակից եւ այն արտադրողից: ԼԱՆՍ-ը տրամադրում է նաեւ սեփական երաշխիքներ, որոնք շատ դեպքերում գերազանցում են արտադրողների երաշխիքները: Բարդ տեխնիկական լուծումների դեպքում ԼԱՆՍ-ի տրամադրած երաշխիքը 3 տարի է: Ըստ հաճախորդի հետ պայմանավորվածության, մեզ մոտ գործում է նաեւ ընդյալնված երաշխիքը, որը ենթադրում է ոչ միայն ավելի երկար ժամկետներ, այլեւ սպասարկման այլ մակարդակ, մասնավորապես` next business day սպասարկում: Դա նշանակում է, որ մեր աշխատակիցը մեկ օրվա ընթացքում անց է կացնում անսարքության “ախտորոշում” եւ վերացնում է այն: Կաբելային համակարգչային ցանցերի երաշխիքը, որպես կանոն, “ցմահ” է:

- Վերջին ժամանակահատվածում ԼԱՆՍ-ի գնային քաղաքականությունը վերանայվե՞լ է: 

- Բնականաբար, քանի որ բոլոր սարքավորումները ներկրվում են: Սակայն այն սարքավորումները, որոնք ներկրվել էին մինչեւ դրամի արժեզրկումը, ինչպես նաեւ մեր աշխատանքի գինը գրեթե չեն բարձրացել: Եվ, բնականաբար, առկա երկարաժամկետ պայմանագրերի դեպքում մալուխներն ու ցանցային սարքավորումները մենք տեղադրում ենք այդ պայմանագրերում ամրագրված գներով:

- Համակարգչային տեխնիկայի վաճառքի եւ ցանցերի անցկացման ոլորտում Հայաստանում գործում են մի քանի տասնյակ ընկերություններ. ինչպե՞ս եք մրցակցում նրանց հետ:

- Հայաստանում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվում են շատ ընկերություններ, սակայն դրանց մեծամասնությունը շեշտը դնում է լայն սպառողի վրա, այսինքն` առաջարկում է հիմնականում լայն գործածության ապրանքներ, որոնք ներկրվում են հիմնականում ԱՄԷ-ից: Ինչ վերաբերում է ապրանքանիշային ընկերությունների ապրանքներին, ապա դրանց մատակարարներն այնքան էլ շատ չեն, եւ նրանց հետ ձեւավորված հարաբերություններն ավելի շուտ ընկերական, գործընկերային են: Մենք կարծում ենք, որ մրցակցությունը լավ բան է: Դա մեզ ստիպում է սովորել, գտնել եւ հաճախորդներին առաջարկել ծառայությունների նոր տեսակներ, մասնավորապես, համալիր ծառայություններ` լուծման ընտրություն, մատակարարում, տեղադրում, կարգավորում, սպասարկում: Եթե չլինի առողջ մրցակցություն, Հայաստանն մակընդմիշտ ետ կմնա զարգացող աշխարհից: Մրցակցային պայքարում ԼԱՆՍ-ի հաջողությունը հիմնականում կախված է արհեստավարժ, ընկերությանը նվիրված աշխատակիցներից, որոնցից շատերը մեզ հետ աշխատում են հիմնադրման օրվանից: Եվ ընկերության ղեկավարությունը ձգտում է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, ինչպես նաեւ որակավորումը բարձրացնելու եւ աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու հնարավորություն:

- Այսօր բազմաթիվ ընկերություններ դժգոհում են հարկային քաղաքականությունից, հատկապես` սահմանում ԱԱՀ գանձելու պահից: ԼԱՆՍ-ը բախվե՞լ է այդ ոլորտի խնդիրներին:

- Հարկման գործող մեխանիզմները, մասնավորապես` սահմանում ԱԱՀ գանձումը, պարզապես ուղղված են ընթացիկ բյուջեի ավելացմանը: Խնդիրն, իհարկե, կարեւոր է, սակայն կողմնորոշված չէ ռազմավարական խնդիրների լուծմանը: Այդ մեխանիզմները հաշվի չեն առնում ՏՏ ոլորտի զարգաման առանձնահատկությունները, որտեղ արագ փոխվում են գները, զարգացման ուղղությունները, գրեթե ամեն օր ի հայտ են գալիս նոր ապրանքատեսակներ: Մենք ստիպված ենք ԱԱՀ վճարել ոչ միայն չվաճառված, այլեւ այն ապրանքների դիմաց, որոնք երբեք չեն էլ վաճառվելու: Իսկ այնպիսի առանցքային խնդիրը, ինչպիսին է արտադրողի կողմից չաշխատող սարքավորման երաշխիքային փոփոխությունը, առանց մեծ կորուստների պարզապես անլուծելի է դառնում երաշխիքային սպասարկում իրականացնող ընկերության համար:  

Եթե իշխանությունները ՏՏ ոլորտն իսկապես առաջնահերթ են համարում, ապա նրանց անհրաժեշտ է մշակել հարկման հատուկ միջոցներ` հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացման առանձնահատկություններն ու դինամիկան:

- Ո՞ր ուղղությամբ եք տեսնում ԼԱՆՍ-ի զարգացումը: Հնարավո՞ր է ձեր ընկերության ներգրավում այլ ոլորտներում:

- Ինչպես արդեն ասացի, զարգացման հիմնական ուղղությունը մեր գործընկերներին ավելի արդյունավետ, ինտեգրված եւ համալիր լուծումներ առաջարկելն է, նրանց որակյալ տեխնիկական աջակցության տրամադրումն իրենց ՏՏ ենթակառույցի ստեղման եւ զարգացման ընթացքում:

Կցանկանայի նշել հատկապես ընկերության զարգացման այդ ռազմավարության երկու տեսանկյունները: Նախ, դա աջակցությունն է մեր հաճախորդների տեղեկատվական անվտանգության ապահովմանը: Դա հատկապես կարեւոր նշանակություն ունի բանկերի համար, որտեղ տեղեկատվության կորուստը, գողությունը կան փչանալը կարող է աղետ դառնալ: Այդ ոլորտում մենք կարող ենք առաջարկել համաշխարհային չափանիշներին համապատասխանող ամենաժամանակակից լուծումները: Եվ արդեն այդ ուղղությամբ աշխատում ենք մի քանի խոշորագույն բանկերի հետ:

Մյուս ուղղությունը խորհրդատվական ծառայությունների մատուցումն է ՏՏ ենթակառույցի նախագծման, տեղադրման եւ շահագործման ոլորտում: Այսօր ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ որակավորված մասնագետներ ունենալ ՏՏ բոլոր բնագավառներում, իսկ առանց նրանց պարզապես անհնար է արդյունավետ աշխատել: Բայց մեզ մոտ կամ իներցիայով, կամ մեր մենթալիտետից ելնելով` քչերն են պատրաստ վճարել գիտելիքի համար: Մենք համոզված ենք, որ առանց խորհրդատվական ծառայությունների զարգացած շուկայի Հայաստանի ՏՏ ոլորտը կմնա համաշխարհային զարգացման ետնաբեմում, եւ մենք փորձում ենք այդ համոզմունքը հասցնել մեր գործընկերներին ու հաճախորդներին: