14:43 | 13.03.09 | Նորություններ | 7832
Երեւան /Մեդիամաքս/. “Այբ” կրթական հիմնադրամի կամակերպած “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթը տեղի կունենա մարտի 19-ին Հայաստանում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայր Մեսրոպ Արամյանն այսօր հայտնել է, որ արդեն գրանցվել են մրցույթին մասնակցել ցանկացող աննախադեպ թվով մասնակիցներ: Մրցույթը տեղի կունենա ՀՀ ավելի քան 570 դպրոցներում, եւ դրան կմասնակցեն 3-11-րդ դասարանների 30 հազար աշակերտներ:
Հայր Մեսրոպ Արամյանը նկատել է, որ Հայաստանն առաջին անգամ է պաշտոնապես մասնակցում այդ հեղինակավոր մրցույթին, եւ երկրորդ երկիրն է Սլովենիայից հետո, որը մասնակից երկրների մեջ ցուցաբերել է մասնակցության նման բարձր ցուցանիշ:
“Չնայած այն պնդումներին, թե նոր սերունդը դաստիարակվում է բացառապես անորակ հեռուստասերիալների միջոցով, մենք իրական ապացույցներ ենք ստացել այն բանի, որ Հայաստանում մեծանում են տաղանդավոր եւ նպատակասլաց երեխաներ”,- հայտարարել է հայր Մեսրոպ Արամյանը:
“Այբ” հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն ասել է, որ մրցույթի նկատմամբ այդչափ մեծ հետարքրույթունն անակնկալ էր կազմակերպիչների համար, քանի որ հնարավոր մասնակիցների առավելագույն թիվն ակնկալվում էր շուրջ 7 հազարի մակարդակում:
2010 թվականին մաթեմատիկական թեստեր են նախապատրաստվելու նաեւ ՀՀ ռուսալեզու դպրոցների աշակերտների համար, որոնք եւս մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել: Բացի այդ, 2010 թվականին “Կենգուրու” մրցույթը կկայանա նաեւ Ջավախքի /Վրաստան/ հայկական դպրոցներում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն ընդգծել է Հայաստանում նման մրցույթների անցկացման կարեւորությունը եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացի համատեքստում:
“Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթը Եվրոպայում անց է կացվում 1994 թվականից` “Կենգուրու առանց սահմանների” /Kangourou Sans Frontieres/ ասոցիացիայի նախաձեռնությամբ: Տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներ պարունակող մրցույթն ամեն տարի անց է կացվում աշխարհի 50 երկրներում` ավելի քան 5 մլն դպրոցականների մասնակցությամբ:
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է մրցույթի պաշտոնական կայքում` www.kangaroo.am: