16:47 | 01.03.23 | Նորություններ | 39280

    Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է Ucom-ի տնօրեն

    Ucom-ն այսօր հայտնել է, որ ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը:

    Ռալֆ Յիրիկյանը 2022 թվականի հունիսին թողել էր Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

    Վիվա-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ ասված էր.

    «ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր եւ որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար»:

    «Տնօրենների խորհրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Արա Խաչատրյանին՝ «Յուքոմ»-ի համար օրինակելի առաջնորդ լինելու համար: Պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ «Յուքոմ»-ը դարձնել ավելի լավը՝ բարելավելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը եւ բարձրացնելով ընկերության գործառնական արդյունավետությունը»,- ասել է  Ucom տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

    Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնն ստանձնել էր 2020 թվականի ապրիլից:

    «Ինձ համար մեծագույն պատիվ եւ պատասխանատվություն էր ծառայել մարդկանց, բաժանորդներին եւ Ucom-ի թիմին որպես գլխավոր տնօրեն։ Մենք միասին մուտք  գործեցինք աննախադեպ աճի դարաշրջան՝ միաժամանակ հավատարիմ մնալով մեր հիմնական, մարդակենտրոն արժեքներին ու առաքելությանը: Հպարտ եմ, որ աշխատել եմ «Յուքոմ»-ի մարդկանց հետ, որոնք ցուցաբերել են մեծ նվիրվածություն՝ օգնելով առաջ տանել ընկերությունը վերափոխման  ընթացքում»,- ասել է Արա Խաչատրյանը։

    «Վստահ ենք, որ Ռալֆ Յիրիկյանի կողմից  «Յուքոմ»-ի  առաջնորդության ստանձնումը պատմական ու նշանակալի իրադարձություն է ընկերության համար: Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչող, աշխատասեր եւ վճռական առաջնորդ է, որը գիտի՝ ինչպես բացահայտել եւ խթանել աճը: Ավելին՝ Ռալֆը մարդկային անփոխարինելի եւ կառավարչական բարձր որակներ ունեցող անհատականություն է, որը կարողանում է հեշտությամբ եւ արագորեն հաղորդակցվել  թիմի անդամների հետ։ Տնօրենների խորհուրդը մեծապես վստահում է Ռալֆ Յիրիկյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին` երկարաժամկետ հեռանկարում «Յուքոմ»-ի շարունակական առաջընթացն ապահովելու եւ շուկայում առաջատարի դիրքը պահպանելու  համար», - ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: