17:01 | 03.03.20 | Նորություններ | 9026

Եվս 3 հայ ձեռներեց անվճար կսովորի Դրեյփերի համալսարանում

Փետրվարի 13-ին ամփոփվել էր գարնանը Դրեյփերի համալսարանում ուսանելու կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել 5 ձեռներեց:

Այդ ձեռներեցներն են Կարեն Շահնազարյանը («Forge Fiction»), Սվետլանա Ջաղացպանյանը («ForestGuard»), Կարեն Նիկողոսյանը («Swap»), Լուսինե Մագաուզյանը («oores»), Հակոբ Թումանյանը («Yolo»): Նրանց տրամադրվել էր ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից փոխհատուցվող ամբողջական կրթաթոշակ:

Եվս 3 գաղափարի հեղինակների անակնկալ էր մատուցել Դրեյփերի համալսարանը. հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունն ու գաղափարների զարգացման ներուժը՝ Կարեն Խաչիկյանը («Robin»), Ռուբեն Համբարձումյանը («Cerebrus»), Հայկ Բադալյանը («Garoon») 50%-ի չափով կրթաթոշակ էին ստացել:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացրել են, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու նշված երեք ձեռներեցների կրթաթոշակի մնացալ 50%-ը: Արդյունքում՝ 8 ձեռներեցներն էլ Սիլիկոնյան հովիտ կմեկնեն՝ ստանալով ուսման եւ ճանապարհածախսի 100% փոխհատուցում:

Նշենք, որ այս տարվա ընթացքում Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի:

Նշենք, որ Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Համալսարանում դասախոսներն իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։ Համալսարանը 77 երկրից ուսանող ունի: