15:37 | 06.11.19 | Նորություններ | 10088

«Ռոստելեկոմ»-ի տնօրենը ոգեւորել է Ռոբոտների օլիմպիադային մեկնող պատանիներին

Նոյեմբերի 5-ին «Ռոստելեկոմ»-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի 2019թ. միջազգային փուլի հայաստանյան մասնակից՝ Minders թիմի պատանիները եւ «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։

Պատանիները մեկնելու են Հունգարիայի Գյոռ (Gyor, Hungary) քաղաք՝ մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու նոյեմբերի 8-10-ը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) միջազգային փուլին, որն իր շուրջ է համախմբելու 423 թիմերի 73 երկրներից։

2016թ. միջազգային այս մրցույթը անցկացվում է նաեւ Հայաստանում, որի ներկայացուցիչը եւ ազգային փուլի միակ եւ պաշտոնական կազմակերպիչը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը։

2018թ. ՌՀՕ հայաստանյան ազգային փուլի անցկացմանը եւ արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը։

«Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ մեր գրասենյակում։ Մասնակցությունը նման միջազգային օլիմպիադաների լուրջ ձեռքբերում եւ փորձառություն է յուրաքանչյուրի համար։ Մենք արդեն երկրորդ տարին է գործակցում ենք «Այբ» հիմնադրամի հետ եւ վստահ եմ, որ մասնակցությունը միջազգային հարթակներում եւս մեկ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը եւ միեւնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ։ Հաջողություններ եմ մաղթում Ձեզ Հունգարիայում կայանալիք մրցաշարում, ինչպես նաեւ նորանոր ձեռքբերումներ՝ հետագա ուսման ընթացքում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը պատանիների հետ հանդիպման ընթացքում:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսը 2019-ին խելացի քաղաքներն են։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում, կառուցում ու ծրագրավորում են ռոբոտներ, որոնք պետք է կարողանան իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի խոսքով՝ «Այբ»-ի կարեւոր նպատակներից է հայ երեխաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերում ու հարթակներում։

«Վստահ եմ, որ, ՌՀՕ-ին մասնակցելով, այս երեխաները ոչ միայն իրենց ուժերը կփորձեն նոր մակարդակներում, այլ նաեւ փորձը, ձեռք բերած հմտություններն ու նաեւ ոգեւորությունը կդարձնեն ապագայի ուղենիշ՝ հասնելու նոր նպատակների ու արդյունքների», - նշեց Սոնա Կոշեցյանը։ Այս համատեքստում տնօրենը արդյունավետ համարեց «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցությունը. օրեցօր ավելի ու ավելի շատ երեխաներ են հետաքրքրվում ռոբոտաշինությամբ ու նոր գաղափարներով։ «Հույս ունեմ, որ հենց այս երեխաներն են փոխելու մեր երկրի զարգացման ընթացքը՝ կոնկրետ այս դեպքում մեր քաղաքը դարձնելով «ավելի խելացի»»,- մեկնող թիմին ոգեւորել է Սոնա Կոշեցյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրել էր հունիսի 23-ին։ Մրցույթի ավարտին լավագույն արդյունք էր ցուցաբերել Minders թիմը (ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը): Թիմի պատանի ինժեներներ Դավիթներն ու Լեւոնը իրենց մարզիչ Դավիթ Մանուչարյանի հետ շարունակել են մարզումները եւ շուտով կմասնակցեն նաեւ միջազգային փուլին։ Ամռան ընթացքում երեխաները, ազզային փուլի մասնակից հինգ թիմերի կազմում, մասնակցել են նաեւ Դանիայի Օրհուս քաղաքում կայացած ՌՀՕ ընկերական մրցաշարին (WRO Friendship Challenge) եւ 42 երկրներից ժամանած թիմերի շարքում զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը։