16:46 | 04.07.19 | Նորություններ | 9951

Beeline-ի եւ Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց

Հայաստանում Beeline-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում Թումո Երեւանում մեկնարկեցին եւս երեք աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար մասնագետներն արտասահմանից:

Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցը վարում է գեներատիվ մոդելների կառուցման աշխատարան, որի ընթացքում Թումո ուսանողները, օգտագործելով Python ծրագրավորման լեզվի գեներացնող ալգորիթմները, ստեղծում են 3D կառուցվածքներ Rhino ծրագրում։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում ծրագրավորում են 3D տպիչը Arduino-ում եւ հավաքում են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանի աշխատարանում Թումո ուսանողները հայկական Սփյուռքի համար կարեւոր նշանակություն ունեցող վայրեր են ընտրում եւ վիրտուալ իրականությունում ստեղծում են միջավայր ընթրիքի համար:

Պիսկորեցի, Մոհիտեի եւ Նազարյանի հետ աշխատանքի արդյունքում ուսանողները կիրականացնեն վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման եւ տպագրության նախագծեր: Աշխատարանների վերջում` հուլիսի 12-ին, Թումո Երեւանում տեղի կունենա դրանց արդյունքների ցուցադրություն:

«Այս նախագծի շրջանակում երեխաները ստանում են գիտելիքներ եւ հմտություններ ամենապահանջված, արդիական ոլորտներում: Իհարկե, երկու շաբաթում հնարավոր չէ որեւէ ոլորտ լիովին ուսումնասիրել, բայց կարելի է լավ հիմք ստեղծել, որպեսզի այդ երեխաները հասկանան իրենց ընտրած ուղղությունը, դրա նրբություններն ու կիրառման նշանակությունը, ինչպես նաեւ արժեքավոր խորհուրդներ եւ ոգեւորության մեծ պաշար ստանալ հաջողակ արտասահմանցի մենթորներից»,- նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ապրիլին Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն: Ընդհանուր առմամբ, նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: