17:34 | 08.04.19 | Նորություններ | 3400

PicsArt-ին դատի են տվել

Լուսանկարների խմբագրման համար նախատեսված VSCO հավելվածը դատական հայց է ներկայացրել իր մրցակից՝ հայ-ամերիկյան PicsArt ընկերության դեմ՝ վերջինիս մեղադրելով իր ֆիլտրերի անօրինական կրկնօրինակման մեջ:

TechCrunch-իփոխանցմամբ՝ VSCO-ն հայտարարել է, որ PicsArt-ի առնվազն 17 աշխատակից, գրանցվելով իր հավելվածում, ուսումնասիրել է պրոդուկտի կոդը՝ գործառույթների կրկնօրինակման նպատակով: VSCO-ում ասել են, որ PicsArt-ի մասնագետներին հաջողվել է կրկնօրինակել առնվազն 19 ֆիլտր, որոնք ավելի ուշ հայտնվել են PicsArt-ի հավելվածում:

VSCO-ում նաեւ ասել են, որ իրենց իրավաբանները փետրվարին նամակ են ուղարկել PicsArt-ին՝ պահանջելով հեռացնել կրկնօրինակած ֆիլտրերը, ինչպես նաեւ նշել այն աշխատակիցների անունները, որոնք երբեւէ VSCO-ում օգտահաշիվ են բացել: Նշվում է, որ PicsArt-ը խոստացել է հեռացնել այդ ֆիլտրերը: Արդյունքում, ըստ VSCO-ի,19 վիճահարույց ֆիլտրից ջնջվել է 17-ը, ընթացքում եւս երկու ֆիլտր է ավելացվել:

Հայցում VSCO-ն պահանջում է կրկնօրինակված ֆիլտրերի օգտագործման վրա կիրառել դատական արգելք, ինչպես նաեւ PicsArt-ի կողմից այդ ֆիլտրերի վաճառքից ստացված եկամուտը վերադարձնել, փոխհատուցել վնասն ու դատական ծախսերը:

Ամսական 130 մլն ակտիվ օգտատեր ունեցող PicsArt-ում VSCO-ի մեղադրանքները անհիմն են որակել:

«VSCO-ն չի հանդիսանում մեր անմիջական մրցակիցը, սակայն, ակնհայտ է, որ նրանք PicsArt-ի կողմից սպառնալիք են տեսնում: Մենք հիասթափված ենք, որ նրանք առաջադրել են այդ անօրինական պահանջները եւ վճռական ենք պաշտպանել մեր հետաքրքրությունները»,- նշել են PicsArt-ում: