16:30 | 08.04.19 | Նորություններ | 8971
Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման 5-րդ ամենամյա մրցույթը:
Այս տարի մրցույթին դիմել են 300-ից ավելի մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից եւ Ջավախքից: Եզրափակիչ փուլ են անցել նրանցից 55-ը՝ կրկին ներկայացնելով բոլոր մարզերը:
Առաջին անգամ ԴիջիԿոդում դպրոցականները մրցել են ոչ միայն Աղուէս/Scratch եւ Կրիայ/K-Turtle լեզուներով ստեղծած ծրագրերով, այլեւ Python` բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված աշխատանքներով: Ի դեպ, ժյուրիի անդամները մասնագիտական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրավորման լեզուներ տիրապետող արմաթցիների նկատմամբ: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մրցույթի մասնակիցները հանդես են եկել առավել օպտիմալ լուծումներով:
«Մեր նպատակը ոչ թե օգտատերերի, այլ ստեղծողների սերունդ կրթելն է, այնպիսի մարդկանց հնարավորություն ընձեռելը, ովքեր իրենց ստեղծարարությամբ թելադրող են։ Իմ առաջին խաղը 1987-89թթ․ եմ խաղացել, իսկ այն մակարդակով մի քանի անգամ ավելի ցածր էր ու որակով շատ էր զիջում ներկայիս պատանի խաղ ստեղծողների աշխատանքներին։ Այսօրվա երեխաները ստեղծում են այնպիսի որակի խաղեր, որի մասին մենք՝ 90-ականների պատանիներս երազում էինք։ Սեփական ապագան կերտելու համար պետք չէ 18 տարեկանում սկսել ինչ-որ բաներ անել 25-ում արդյունքի հասնելու համար, պետք է սկսել 12 տարեկանից, 16-ում ունենալ այն, ինչ կարող ես ունենալ 25 տարեկանում, իսկ 25-ում ավելի մեծ նվաճումների ձգտել»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Այս տարի աշխատանքներն ավելի շատ ստեղծագործական էին եւ ամբողջությամբ արտացոլում էին աշակերտների սեփական գաղափարները: Բացի այդ, չափազանց ոգեւորիչ էր նաեւ, որ եզրափակիչ փուլում փորձառուներին չէին զիջում մեր նորաստեղծ խմբակների աշակերտները: Արմաթների ընդլայնման եւ ԴիջիԿոդի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության շնորհիվ` նախատեսում ենք մրցույթը վերածել մարզային ձեւաչափի, որպեսզի հնարավոր լինի բացահայտել թաքնված բոլոր տաղանդներին»,- ասել է ԴիջիԿոդի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Արմաթցի դպրոցականների ստեղծած խաղերին եւ ծրագրերին մեկ ամբողջ օր ծանոթացել են ժյուրիի անդամները: Ժյուրիի կազմում էին Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նատալյա Տուրովցեւան (Ucom), Արթուր Խալաթյանը (ՀԱՀ), Արման Պողոսյանը (Ինստիգեյթ), Արման Աթոյանը (Arloopa), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Տիգրան Մինասյանը (Noor Games), Հրաչ Խաչատրյանը (Սայմոթեք) եւ Գոռ Վարդանյանը (ՖայմԹեք):
Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Արցախի ԱՏՏԿ-ի արմաթցի սան Քրիստիան Ալեքսանյանն իր «Հայ զինվոր» խաղով եւ Սեւանի ավագ դպրոցի սաներ Արայիկ Գաբրիելյանն ու Շահեն Հակոբյանն համատեղ ստեղծած «Unknown Soldier» խաղով:
Կրիայ/K-turtle ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթել է Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցի սան Էդգար Հարությունյանն իր «3D ուղղանկյունանիստ պտույտ» նախագծով:
Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» տիտղոսին են արժանացել համապատասխանաբար Գանձակի թիվ 1 դպրոցի սան Թորգոմ Միսակյանը «Արդուինո լաբորատորիա» եւ Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի սան Արամ Խաչատրյանը «Ուրախ ֆիզիկա» նախագծերով:
Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի սան Տիգրան Խաչատրյանն իր «Բու» խաղով հաղթել է «Լավագույն գծագրություն եւ դիզայն» անվանակարգում:
Python ծրագրավորման լեզվով «Սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու «Ընտանիք կենտրոնի» արմաթցի սան Սահակ Սահակյանն իր «Sahak’s bot» ծրագրով: Միեւնույն անվանակարգում 2-րդ եւ 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել Թալինի ավագ դպրոցի սան Ռոման Մխիթարյանը՝ «CarinSpider» եւ «Երեւան Իմ Սեր» կենտրոնի արմաթցի սան Գրիգոր Մաղզանյանը՝ «RFID camera security» նախագծերով:
Հաղթողները Ucom ընկերության կողմից արժանացել են դրամական պարգեւի։ Ucom ընկերությունը, առանձնահատուկ խրախուսելով դպրոցահասակ արմաթցիների Python ծրագրավորման լեզվի իմացությունը, որպես մրցանակ պլանշետներ է նվիրել այդ անվանակարգի լավագույն եռյակին:
Հայաստանի ամերիկյան համալսարանն էլ դրամական պարգեւ է սահմանել հաղթանակի արժանացած դպրոցականների խմբավարների համար:
ԴիջիԿոդը բացահայտում է Հայաստանի ամբողջ տարածքում ինժեներություն ուսումնասիրող տաղանդավոր դպրոցականներին ու խրախուսում նրանց, որպեսզի խաղեր սպառողից վերածվեն խաղ ստեղծողի: ԴիջիԿոդն անցկացվում է 2015 թ-ից ԱՏՁՄ-ի կողմից: ԴիջիԿոդի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է, համակազմակերպիչ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան: