12:35 | 08.04.19 | Նորություններ | 1774

«Գահերի խաղը» կիբեռհանցագործների «ամենասիրելի» սերիալն է

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները պարզել են, որ կիբեռհանցագործները վերջերս ավելի հաճախ են օգտագործում աշխարհում եւ Հայաստանում սիրված սերիալներն այն օգտատերերի սարքերը վարակելու համար, որոնք նախընտրում են դրանք անվճար ներբեռնել տոռենտներից։

Ելնելով IMDB-ում եւ Rotten Tomatoes-ում ունեցած վարկանիշից՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընտրել է 31 սերիալ, որպեսզի պարզի, թե ինչ վնասաբեր ծրագրերի են բախվել դրանց հետ գործ ունեցած օգտատերերը։

Խարդախների ամենասիրելի սերիալը «Գահերի խաղն է» (Game of Thrones), եւ դրա հետ կապված եւ օգտատերերին գրոհած վնասաբեր ծրագրերը 9,986-ն են։ Այդ վնասաբեր ծրագրերը միայն 2018թ. փորձել են օգտատերերին վարակել 120,000 անգամ։

Գրոհի ենթարկած օգտատերերի եւ գրոհների քանակով երկրորդը «Քայլող մեռելներ» (The Walking Dead) սերիալն է։ Գրոհի ենթարկած օգտատերերի թվով երրորդը Arrow-ն, որն այդ ցուցանիշով հետ է մեկ երրորդով։

«Սերիաների քողի տակ ավելի հաճախ տարածվում են լիարժեք վնասաբեր ծրագրեր՝ հատկապես, տրոյական։ Ըստ վիճակագրության, ամենից հաճախ հանդիպում է WinLNK տրոյացին, որը կարողանում է ներբեռնել այլ վնասաբեր ծրագրեր։ Օգտատերը, մեծ հավանականությամբ, կարող է նաեւ դառնալ, այսպես կոչված, not-a-virus-ի երկու տիպերից մեկի՝ կամ գովազդային հավելվածների (Adware), կամ էլ՝ ամեն տեսակ հավելյալ ծրագրերի ներբեռնիչի (Downloader) երջանիկ տերը։

Ոչ մեկը, ոչ էլ մյուսը օգտատիրոջն առանձնապես մեծ ուրախություն չեն պարգեւում, քանի որ առաջինը գովազդ է խցկելու ամենուրեք, որտեղ հնարավոր է, իսկ ներբեռնիչները, մեծ հավանականությամբ, պարզապես կլինեն միջանկյալ քայլ, քանի որ դրանք, հավանական է, կներբեռնեն նույն գովազդային ծրագրերը, կամ ավելի վնասակար մի բան:

Այս ապրիլ-մայիսը թեժ շրջան է լինելու սերիալների համար. սկզբում էկրաններին կբարձրանա «Գահերի խաղի» վերջին սեզոնը, այնուհետեւ՝ ժողովրդականություն վայելող «Վայրի Արեւմուտքի աշխարհի» երրորդ սեզոնը, ու այդպես շարունակ։ Այսինքն՝ շատերն այս գարնանը կներբեռնեն եւ կդիտեն սերիալներ, եւ չարագործները, ամենից հավանական է, կկրկնապատկեն կամ կեռապատկեն հանրության կողմից սիրված հեռուստաշոուների քողի տակ վնասաբեր ծրագրերի տարածման ջանքերը»,- նշել են ընկերությունում:

Տոռենտների օգտագործման ժամանակ սարքը չվարակելու համար օգտատերը պետք է ուշադիր լինի ֆայլի չափի նկատմամբ։ Լավ որակի սերիան երբեք չի կարող «կշռել» մի քանի գիգաբայթից պակաս։ Հարկ է չվստահել տարբեր տեսակի ներբեռնիչներին, LNK ընդլայնում ունեցող ֆայլ-հղումներին եւ տեսանյութերի ներբեռնման այլ միջանկյալ օղակներին։ Տեսաֆայլը երբեք չի ունենում EXE կամ MSI ընդլայնում։ Ինչ-որ բան ներբեռնելուց կամ դիտելուց առաջ օգտատիրոջը հարկ է ստուգել, թե արդյոք հենց պահանջված կայքում է հայտնվել. URL-հասցեում երբեք չպետք է լինեն տառասխալներ։

Խարդախները շատ են սիրում ստեղծել կայքերի վնասաբեր կրկնօրինակներ, որոնց հասցեն բնօրինակից տարբերվում է մեկ-երկու տառով։ Հարկ է օգտագործել հուսալի հակավիրուս: