12:08 | 08.04.19 | Նորություններ | 4591
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ։
Նախագահ Սարգսյանը եւ գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական համագործակցության հնարավորությունների եւ առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։
Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում փոխգործակցությամբ եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ։
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Պրակաշ Հինդուջային՝ մասնակցելու հունիսին Հայաստանում անցկացվող Armenian Summit of Minds միջոցառմանը։
«Հինդուջա գրուպ»-ը խոշորագույն ընկերություն է՝ հիմնված Հինդուջա եղբայրների կողմից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, բանկային, անշարժ գույքի ոլորտներում։ Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 150 հազարը։ Հինդուջա ընտանիքն աշխարհի ամենահարուստ ընտանիքների շարքում է՝ $18 միլիարդ կարողությամբ։