11:31 | 21.03.19 | Նորություններ | 8242

PicsArt-ն ամսական 130 մլն ակտիվ օգտատեր ունի եւ գրավում է Չինաստանը

Հայ-ամերիկյան PicsArt ընկերության համանուն հավելվածը հատել է ամսական 130 մլն ակտիվ օգտատերերի սահմանը, հայտնում է TechCrunch-ը:

2017թ. հոկտեմբերին ընկերությունը հայտարարել էր ամսական 100 մլն ակտիվ օգտատերի սահմանը հատելու մասին:

PicsArt-ի օգտատերերի 80 տոկոսը մինչեւ 35 տարեկան է, իսկ ամենաակտիվը մինչեւ 18 տարեկաններն են:

$45 մլն ներդրում ունեցող PicsArt-ի օգտատերերի մեծ մասն ԱՄՆ-ից է: Ընկերությունը, սակայն, վերջերս մեծ հաջողություններ է գրանցել չինական շուկայում, որտեղ ամսական ավելի քան 15 մլն ակտիվ օգտատեր ունի: Ներկայում Չինաստանը եկամտի առումով PicsArt-ի երկրորդ խոշորագույն շուկան է՝ ԱՄՆ-ից հետո:

«Տեղակայված լինելով Սիլիկոնյան հովտում, PicsArt-ն իր R&D կենտրոնն է բացել Հայաստանում, որը ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանի ծննդավայրն է: Սա ստարտափին տալիս է հնարավորություն Հայաստանում եւ Ռուսաստանում գտնել ավելի մատչելի ծրագրավորող տաղանդների՝ համեմատած ԱՄՆ-ի հետ: Ներկայում ընկերության 360 աշխատակիցների 70 տոկոսն աշխատում է ինժեներական եւ պրոդուկտի զարգացման ուղղությամբ, դրանց 50 տոկոսը կանայք են»,- գրել է պարբերականը:

2012թ. ստեղծված PicsArt-ը, որն ունի գրասենյակներ Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում, ներկայացնում է լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու եւ համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց: Ընկերությունը մինչ օրս $45 մլն է ներգրավել: