18:07 | 20.03.19 | Նորություններ | 10666
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է հանդիպում՝ օտարալեզու մամուլի էջերից կարեւոր տեղեկություններ հավաքագրած եւ ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ:
Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ. ընթացքում տպագրված՝ ամերիկյան մամուլի էջերից, մասնավորապես՝ The New York Times-ից:
Հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից եւ կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»: Հատորները կազմել եւ խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը եւ ավստրալահայ Արա Քեթիբյանը։ Հավաքածուի հրատարակմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Այս թանգարանում հավաքվող յուրաքանչյուր գիրք, լուսանկար, հոդված եւ հավաքածու՝ ճշմարտությունը ներկայացնող դեսպան են: Այդ ամենը կարեւոր համարելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին եւ աջակցել տարբեր ծրագրերի իրականացմանը: Անչափ կարեւոր է, որպեսզի մարդկության դեմ իրագործված վայրագությունը մեկընդմիշտ դատապարտվի ու այլեւս չկրկնվի: Սա ասում եմ ոչ միայն որպես ադանահայի շառավիղ, այլեւ ատելությունը չընդունող մարդ, ով ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի սթափ վերաբերմունքը: Ես ատելության հետեւանքների տխուր հայացքը տեսել եմ իմ ազգակիցների աչքերում: Մեր սերունդները պետք է ապրեն այլ՝ ուրախ ու ժպտացող աչքերով: Այս աշխատանքները տարվում են նաեւ դրա համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը եւ այդ կոտորածների անմիջական հետեւանքները։
Առաջին հատորում ներկայացված է 1607 հոդված, իսկ երկրորդում՝ 1059։