12:31 | 20.03.19 | Նորություններ | 5516
Մարտի 19-ին Հայաստանում Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպել են Friends with Technology վերնագրով Պեչա-կուչա երեկո, որի ընթացքում տարբեր ոլորտների փորձագետներ եւ ստարտափների հիմնադիրներ քննարկել են տեխնոլոգիաների դերն ու ապագան մեր կյանքում։
Միջոցառման ընթացքում խոսնակները քննարկել են, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ձեւավորում ժամանակակից կրթությունը, ինչպիսին է լինելու հեռահաղորդակցության ոլորտն ապագայում, բացահայտել թվային պատումի ներուժը զարգացման ոլորտում, փառատոնային ոլորտի նորարարությունները։
«Այսօր տեխնոլոգիաները եւ ինտերնետը մեր կյանքի ու կենցաղի անբաժան մասն են կազմում, ու հեռահաղորդակցության կազմակերպությունների, տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է պետք զարգանալ եւ աշխատել, որպեսզի հաճախորդներին նոր, հարմար եւ 21-րդ դարի պահանջներին համապատասխանող ծառայություններ տրամադրեն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Տեխնոլոգիական նորարարություններն այլեւս անբաժանելի մասն են կազմում ցանկացած ոլորտի, լինի մշակույթ, կրթություն, տնտեսություն, հեռահաղորդակցություն թե հասարակական ծառայություններ։ Ցանկացած խնդիր ներկայումս կարող է ունենալ իր տեխնոլոգիական լուծումը, եւ նմանատիպ հանդիպումները կարող են հիանալի գաղափարներ տալ երիտասարդ ձեռներեցներին»,- ընդգծել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Միջոցառումը կազմակերպվել է պրոդուկտի մշակման ճամբարի (product bootcamp) շրջանակում, որն ուղղված է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը եւ նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին մենթորության տրամադրմանը։
Պրոդուկտի մշակման ճամբարի հաղթող երկու թիմերը՝ Festberg եւ Rendchain-ը երեկոյի ընթացքում ներկայացրել են ճամբարի ընթացքում մշակած իրենց նոր պրոդուկտները։
Festberg-ի մշակած հավելվածը նախատեսված է կինոփառատոնների համար եւ նոր փորձառություն կբերի այս ոլորտ՝ կինոսիրահարների եւ փառատոնների կազմակերպիչների գործունեությունը դարձնելով ավելի արդիական եւ արդյունավետ։ Rendchain թիմի անդամներն էլ միջոցառման ընթացքում ներկայացրել են, թե ինչպիսին է լինելու տեխնոլոգիական աշխարհն առանց սերվերային դարաշրջանի։