12:52 | 17.10.18 | Նորություններ | 4345

ՆԱՍԱ-ի հաքաթոնի հայաստանյան փուլն ընդունում է հայտեր

Հոկտեմբերի 20-21-ը Երեւանում կկայանա ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge մրցույթի տեղական փուլը:

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակում կայանալիք մրցույթը Հայաստանում արդեն երրորդ անգամ է անցկացվում:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ մինչեւ հոկտեմբերի 18-ը: Հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:


Միջազգային մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):

«24 ժամ տեւողությամբ մրցույթի շրջանակում ամբողջ աշխարհից մասնակցող թիմերը իրենց երկրներում կմշակեն եւ նախ տեղական, այնուհետեւ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների եւ վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ»,- նշել են կազմակերպիչները:


Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի մյուս մասնակիցներին:

Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար FAST-ը նախատեսել է հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության եւ տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու եւ փորձառություն ձեռք բերելու համար:

2-րդ տեղը զբաղեցրած թիմը կստանա Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ, որը հաղթողին կհանձնի Լոկատոր ընկերությունը։

Լավագույն 2 նախագծերը կուղարկվեն մրցույթի հաջորդ փուլ՝ մրցելու այլ երկրների հաղթողների հետ։