17:53 | 02.05.17 | Նորություններ | 36620

Հայտնի են ՆԱՍԱ-ի հաքաթոնի հայաստանյան հաղթողները

Հայտնի են ապրիլի 29-30-ին Հայաստանում կայացած ՆԱՍԱ-ի Space Apps Challenge 2017-ի հայաստանյան հաքաթոնի հաղթողները:

Հաղթող են ճանաչվել Locotech եւ Von թիմերը:

Locotech-ը մշակել է Խելացի այգի համակարգը, որը կախված NASA Earth-ի տրամադրած տվյալներից՝ կարող է այգին ինքնուրույն ջրել, ինչպես նաեւ ահազանգել, եթե այգում անցանկալի հյուր հայտնվի:

Von-ը ներկայացրել է ՆԱՍԱ-ի կողմից օգտագործվող տերմինների գիտական հանրագիտարան:

Itel.am-ի հետ զրույցում X-TECH ընկերության հիմնադիր Արման Աթոյանը նշել է, որ հաղթող երկու թիմերը մինչեւ մայիսի 5-ը պետք է իրենց լուծումը պատկերող տեսանյութ նկարահանեն, որը կնոմինացվի ՆԱՍԱ-ի Space Apps Challenge 2017 միջազգային մրցույթում:

Նա տեղեկացրել է, որ հաքաթոնին մասնակցել է մրցույթի կանոններով թույլատրելի առավելագույն թվով մասնակից՝ 50, մինչդեռ դիմել է շուրջ 65 մարդ:

Հատուկ ինովացիոն մրցանակի է արժանացել Barad թիմը՝ TSD ընկերության կողմից ստանալով ArmPhone:

ARLOOPA-ն իր հերթին վիրտուալ իրականության լուծում առաջարկող 4 թիմերի շնորհել է մրցանակ՝ ARLOOPA VR ակնոց:

Startup Armenia հիմնադրամն էլ «Թումո»-ի թիմին, որը ռոբոտ է ստեղծել, Sevan Startup Summit-ին մասնակցության ուղեգիր է շնորհել:

«Անցած տարվա համեմատ երիտասարդացել է մասնակիցների տարիքը՝ շատ են դպրոցականները: Ընդլայնվել է նաեւ աշխարհագրությունը՝ այս տարի թիմ ունեինք նաեւ Գյումրիից: Ավելացել է նաեւ թիմերի քանակը՝ 14: Նկատելի է նաեւ hardware լուծում ներկայացնող թիմերի թվի աճը»,- ասել է Արման Աթոյանը:

Մրցույթն անցկացվել է Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում՝ Աստղադիտարանի ղեկավարության աջակցությամբ: Հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցույթի հայկական փուլի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով: