12:15 | 26.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 88360
Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:
Growflex-ը ակվապոնիկայի հիման վրա ստեղծում է հեշտ տեղափոխելի համակարգ, որը կարելի է տեղադրել բաց երկնքի տակ ցանկացած վայրում եւ աճեցնել տերեւային բույսեր։
Ստարտափի հիմնադիրներն են Արթուր Ալեքսանյանը եւ Դավիթ Մուսայելյանը:
Նրանք, որպես Growflex-ի առավելություն, նշել են դրա ավտոմատացված լինելը, ճկունությունը, հեշտ տեղափոխելիությունը:
Համակարգը զբաղեցնում է 2 քմ տարածք, որտեղ 3 անգամ ավելի շատ բույս կարող է աճել:
«Մենք պլանավորում ենք վարձակալել տարածքներ կամ տանիքներ քաղաքացիներից՝ մեր համակարգը ներդնելու եւ բույսեր աճեցնելու համար: Աճեցրած բույսերը հետո կվաճառվեն ռեստորաններին, իսկ քաղաքացիներին վարձակալության դիմաց կվճարենք կամ աճեցրած բանջարեղեններով, կամ վաճառքից ստացված գումարով»,- նշել են ստարտափում:
Growflex-ի թիրախում մեծ շուկաներն են՝ մասնավորապես եվրոպական եւ ամերիկյան այն քաղաքները, որտեղ կլիման սառը չէ, եւ հնարավոր է բույսեր աճեցնել տարին 12 ամիս:
Ստարտափում նշել են, որ Armenia Startup Academy-ի ծրագիրն իրենց օգնել է զարգացնել գաղափարը եւ սկսել աշխատել նախատիպի վրա:
«Ծրագրի օգնությամբ մենք 3 ամսում արեցինք այն աշխատանքը, որն այլ դեպքերում չէինք հասցնի անել 2 տարվա ընթացքում»,- նշել են ստարտափում:
Առաջիկայում Growflex-ի թիմը նախատեսում է ավարտին հասցնել նախատիպը, տեղադրել համակարգը մի շարք վայրերում եւ սկսել վաճառքները: Ստարտափը պլանավորում է արդեն տարեվերջին ունենալ պրոդուկտի կայուն տարբերակ եւ որոշակի եկամուտ:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան