11:55 | 21.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 89786

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. ERP Smart System

Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:

ERP Smart System ստարտափի նպատակը փոքր եւ միջին ընկերությունների համար CRM (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման) ու ERP (ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման) համակարգերի ապահովումն է։

Ստարտափի հիմնադիրը Ռոզա Բեջանյանն է։ Ընկերությունում աշխատում է 8 հոգի: Թիրախում են ՓՄՁ-ները եւ խոշոր ձեռնարկությունները:

Itel.am-ի հետ զրույցում Ռոզա Բեջանյանը նշել է, որ ի տարբերություն նմանօրինակ համակարգերի՝ հաճախորդներն այս համակարգը կոնֆիգուրացիա անելու կարիք չունեն:

«Ընկերությունն է իրականացնում այդ գործընթացը՝ ի տարբերություն նմանատիպ համակարգերի։ Պրոդուկտը բաժանված է բիզնես կատեգորիաների: Ստարտափի թիմը կարող է կոնֆիգուրացիա ապահովել 20 հազ. հաճախորդի համար։ Վճար ենք վերցնում ոչ թե մեկ օգտագործողի, այլ մեկ ընկերության հաշվով»,- բացատրել է նա:

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին դիմել պատրաստվողներին Ռոզա Բեջանյանը խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել գործընթացին:

«Ակադեմիա ընդունվում են որպես թիմ, դուրս գալիս՝ որպես ընկերություն։ Ստանում են ցանկացած օգնություն՝ սկսած դիզայնից, վերջացրած բիզնես մոդելով ու փիչ անելու հմտություններով»,- նշել է նա:

Ստարտափը պլանավորում է առաջիկայում գործարկել մոբայլ հավելված, համակարգն ինտեգրել չատբոտերի հետ ու մեկ տարի անց ունենալ առնվազն 100 հաճախորդ ընկերություն։

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան