13:09 | 09.04.18 | Նորություններ | 19662

Joomag-ը գրասենյակ է բացել Չինաստանում

Joomag ընկերությունը մուտք է գործել չինական շուկա՝ գրասենյակ բացելով Շանհայում, տեղեկացրել են Itel.am-ին Joomag-ում:

Ընկերությունը մեծ եւ փոքր բիզնեսներին կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման եւ կորպորատիվ հաղորդակցության պահանջները բավարարող լուծումներ առաջարկող թվային հարթակ է:

Ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ չինական շուկա մուտք գործելու մտադրությունը վաղուց է եղել:

«Չինաստանի տնտեսությունը աշխարհի ամենախոշոր զարգացող շուկաներից է, եւ ներկայացնում է հեռանկարային հնարավորություններ շատ միջազգային ընկերությունների համար: Սա մեզ համար հնարավորություն է սպասարկել չինական եւ միջազգային բիզնեսներին»,- ասել է նա:


Joomag's-ի՝ Շանհայի նորաբաց գրասենյակի գլխավոր մենեջեր Գեւորգ Գրիգորյանն էլ ընդգծել է, որ Չինաստանում ներկայում 77 մլն ընկերություն է գործում:

«Դեպի արտերկիր ձգտումներ ունեցող ցանկացած ընկերության համար Չինաստանը իդեալական վայր է գործունեություն ծավալելու համար: Քանի որ այդ ընկերությունների թիվն օրեցօր ավելանում է, Չինաստանն այսօր տեխնոլոգիական գերիշխանություն դառնալու ճանապարհին է, որը մրցում է ԱՄՆ-ի հետ: Սա մի հնարավորություն է, որ մենք պարզապես չենք կարող բաց թողնել»,- ասել է նա:


Joomag ընկերությունը հիմնադրվել է 2009-ին Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողների կողմից։ Այն համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ եւ փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման եւ կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։


2015թ. սկզբին սկսել են գործել Joomag-ի գրասենյակները Մյունխենում եւ Մոսկվայում: Երեւանյան գրասենյակը հիմնվել է 2013թ.: Այստեղ 50-ից ավելի մարդ է աշխատում:

Joomag-ի օգտատերի թվում են Huffington Post-ը, Cosmopolitan-ը, Elle-ն, Harper’s Bazaar-ը, Expedia-ն, Vogue-ը, Levi’s-ը, IBM-ը, KFC-ն: