17:27 | 06.04.18 | Նորություններ | 63805

Mobile ID-ն Հայաստանում փորձնական գործարկման փուլ է մտել

Այսօր Հայաստանում մեկնարկել է բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կամ Mobile ID-ի (mID) համակարգի փորձնական գործարկումը: Այն արդյունավետ եւ անվտանգ գործիք է անձը նույնականացնելու եւ ցանկացած էլեկտրոնային փաստաթղթեր առցանց ստորագրելու համար:

Առայժմ Mobile ID-ն հասանելի կլինի սահմանափակ թվով օգտատերերի եւ էլեկտրոնային ծառայություն մատուցողների:

Նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը Հայաստանում վաղուց օգտագործվում է, իսկ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը Հայաստանում ներդրվում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի (ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի), «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի եւ բջջային օպերատորների ջանքերով:


Համագործակցության մասին հուշագիրն այսօր ստորագրել են «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն, ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, «ՎԵՈՆ Արմենիա»-ն եւ Ucom-ը:

Mobile ID-ն թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով անցնել նույնականացում եւ ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր՝ առանց հատուկ սարքավորումների եւ նույնականացման քարտի: Միայն բջջային կապն ու ակտիվացված mID ծառայությունը լիովին բավարար են օգտվելու ծառայությունից՝ անկախ ստորագրողի գտնվելու վայրից:

Որպես mID օպերատոր է հանդես գալիս «Նիկիտա Մոբայլ»-ը, որն իրականացնում է համակարգի ներդրումը, ընթացիկ եւ հետագա տեխնիկական սպասարկումը: Ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը նշել է, որ իրենց հաշվարկներով՝ 2-3 տարվա ընթացքում Հայաստանում 50 հազ. բաժանորդ կօգտագործի Mobile ID ծառայությունը:
 
«Այս պահին մոտ 30 SIM քարտ է ակտիվացված: Թեստային փուլը կտեւի մոտ 1 ամիս, բայց քանի որ օպերատորները պետք է իրենց մատակարարներից հատուկ SIM քարտեր պատվիրեն, գուցե լրացուցիչ ժամանակ պետք լինի, որ այդ քարտերը հասնեն շուկա եւ հնարավոր լինի դրանք առաջարկել բաժանորդներին»,- նշել է նա:

Արա Յաղջյանի խոսքով՝ Mobile ID-ն կարեւոր գործիք է հատկապես ֆինանսական սեկտորի, տելեկոմի եւ մնացած այն ոլորտների համար, որոնք ծառայություններ են մատուցում առցանց տիրույթում եւ ունեն խիստ նույնականացման կարիք:

Ծառայության լիակատար անվտանգությունը երաշխավորելու համար, «Նիկիտա Մոբայլն» օգտագործել է համաշխարհային առաջատար ընկերությունների մշակած եւ Եվրոպայում փորձարկումներ անցած բջջային ստորագրության ծրագրային ապահովումը:  

«Գնել ենք շատ հայտնի եվրոպական լուծում, որի հիման վրա կառուցել ենք տեղական լուծում՝ հայաստանյան թիմերի մասնակցությամբ: Կարելի է ասել՝ սա 50% հայկական, 50% եվրոպական լուծում է»,- նշել է Արա Յաղջյանը:

Խոսելով ֆինանսական ներդրումների մասին՝ նա տեղեկացրել է, որ ծառայության բիզնես մոդելը դեռ որոշված չէ.

«Մեծ գումարներ են ներդրվել մեր ընկերության կողմից, ակնկալելով, որ հետագայում գումար կվաստակենք: Բայց մեր ընկերության առաջնային նպատակը եղել է նման ծառայություն ներդրումը Հայաստանում, քանի որ 10 տարուց ավելի է՝ այս շուկայում ենք: Սա կխթանի էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը»:

ԷԿԵՆԳ-ի փոխտնօրեն Մկրտիչ Գրիգորյանն էլ ասել է, որ իրենց ընկերությունը ID քարտերի հավաստագրման կենտրոնն է, այն նույնականացնում է էլեկտրոնային ստորագրություն դրած մարդուն:

Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն էլ նշել է, որ ծրագրում ընդգրկված են ամենասկզբից.

«Քանի որ լավ առաջարկ է, որքան ուժ ունենք՝ օգնում ենք: Կարծում եմ՝ փորձարկման փուլը կտեւի 1-2 ամիս, մինչ այս էլ արդեն ահռելի աշխատանք է կատարվել թեստավորման ուղղությամբ: Սա արդեն համարյա պատրաստի ծրագիր է»,- ասել է Հայկ Կարապետյանը:

Առաջիկայում բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելի կլինի ինչպես պետական, այդպես էլ մասնավոր հատվածում: