09:36 | 28.07.17 | Հոդվածներ | exclusive 106826

    Mobile ID՝ բջջային հեռախոսով նույնականացման ճանապարհին

    ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայնˋ հոկտեմբերի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան նույնականացվել բջջային հեռախոսի միջոցով, ինչը թույլ կտա առանց տանից դուրս գալու եւ նույնականացման քարտի կիրառման, պետական կառույցների հետ անհրաժեշտ գործարքներ կատարել էլեկտրոնային եղանակով:

    Mobile ID համակարգի ներդրման եւ բջջային հեռախոսի միջոցով նույնականացման ծրագրի մանրամասները Itel.am-ի հետ զրույցում պարզաբանել է Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի գործադիր տնօրեն Արթուր Թունյանը:

    «Շարքային քաղաքացին, այդ համակարգից օգտվելու համար պետք է դիմի իրեն սպասարկող բջջային օպերատորին, որպեսզի ակտիվացնի տվյալ ծառայությունը: Դրա համար օպերատորը փոխարինելու է դիմողի SIM քարտըˋ պահպանելով նրա հեռախոսահամարը: Ենթադրվում է, որ ծառայության ակտիվացման պահից քաղաքացին ամեն ամիս որոշակի գումար է վճարելու իր օպերատորին, որը պայմանական, կարող է լինել մինչեւ հինգ հարյուր դրամի սահմանում, լրացուցիչ այլ ծախսեր համակարգը չի ենթադրում»,- նշում է մեր զրուցակիցն ու ներկայացնում Mobile ID-ի կիրառման կարգը:

    Պետական կառույցների կայքերը, որոնք քաղաքացիները պետք է օգտագործեն իրեն անհրաժեշտ գործողությունը կատարելու համար, կառանձնացվեն համակարգի սպասարկման տարբերանշանով:

    Համակարգը գործում է հետեւյալ կերպˋ քաղաքացին տվյալ կայքում, օրինակˋ https://e-citizen.am, մուտքագրում է իր հեռախոսահամարը, ապա փորձում մուտք գործել  համակարգ: Մուտքի կոճակը սեղմելուց հետո նա իր բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ հարցում կստանաˋ արդյոք ի՞նքն է փորձել մուտք գործել տվյալ համակարգ: Դրական պատասխանից հետո համակարգը պահանջում է PIN կոդի ակտիվացում, որը քաղաքացին ստանում է առաջին քայլի՝ SIM քարտի փոխարինման ժամանակ՝ բջջային օպերատորի կողմից:

    «Դա ոչ թե SIM քարտի կոդն է, այլ հաստատագրի PIN-ը: Սա գաղտնի կոդ է, որ քաղաքացին չպետք է փոխանցի որեւէ մեկին»,- նկատում է Արթուր Թունյանը:

    Կոդը հավաքելուց վայրկյաններ անց կայքը քաղաքացուն նույնականացնում է, որից հետո նա ճանաչվում է տվյալ համակարգում եւ կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ծառայությունը:

    Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Mobile ID-ին քաղաքացու համար հասանելի կդարձնի պետական մարմինների կողմից մատուցով բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի են էլեկտրոնային եղանակով: Կամավորության սկզբունքով բանկերը եւս կարող են ներդնել այս համակարգը, ինչի ուղղությամբ ներկայում քննարկումներ են ընթանում:

    Ի դեպ, համակարգից օգտվելու համար բջջային հեռախոսի առանձնահատուկ տվյալներ պետք չեն. բավական է այն ունենա SMS հաղորդագրություն ստանալու հնարավորություն եւ քաղաքացին կարող է նույնականացվել:

    «Քննարկումներ են տարվում նաեւ բջջային օպերատորների հետ: Կսահմանվի քարտի փոխարինման ամսավճարի նախնական շեմը, որից հետո միայն կսկսվի Mobile ID-ի ներդրման գործընթացը»,- նշում է Արթուր Թունյանը:

    Խոսելով օպերատորների՝ ծրագրում ներգրավվելու մասին՝ մեր զրուցակիցը նշում է, որ «պետությունը չի պարտադրելու բջջային օպերատորներին գնալ այդ քայլին, սակայն համակարգն ու բիզնես-գաղափարն այնպիսին է, որ օպերատորները քարտերի փոխարինումից ստանում են շահույթ, ինչը պետք է շահագրգռի նրանց մատուցել այդ ծառայությունը»:

    Արթուր Թունյանը վստահեցնում է՝ «համակարգը գերանվտանգ է, այլ հարց է, որ քաղաքացին պետք է կարողանա պաշտպանել իր անձնական տվյալը, այս դեպքում՝ PIN կոդը, ինչպես անում է բանկային քարտի տվյալների դեպքում»:

    Համակարգը ներդրված է մի շարք երկրներում, հիմնականում՝ Բալթյան, գործում է նաեւ Ադրբեջանում:

    «Հայաստանում ներդրման շնորհիվ պետական-էլեկտրոնային ծառայությունները հասանելի են դառնում քաղաքացուն՝ թույլ տալով առանց տանից կամ աշխատավայրից դուրս գալու, խիստ նույնականացման միջոցով, շփվել պետական մարմնի հետ՝ ստանալով իրեն անհրաժեշտ գործընթացի արդյունքը»,- ամփոփում է Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի գործադիր տնօրենը:

    Սիրանուշ Եղիազարյան