13:48 | 30.09.16 | Նորություններ | exclusive 21446

NBA-ն ու Մյունխենի Բավարիան` հայկական Joomag-ի hաճախորդներ

NBA-ը, Մյունխենի Բավարիան եւ մի շարք այլ հայտնի բրենդներ դարձել են հայկական Joomag ընկերության հաճախորդներ:

Այս մասին այսօր 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում  Itel.am-ի հետ զրույցում ասել է Joomag ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գծով տնօրեն Տիգրան Բադալյանը:

Նա տեղեկացրել է, որ Joomag-ի հաճախորդների թիվն անցել է 450 հազ-ը:

Joomag-ն առաջին ինովացիոն հարթակն է՝ թվայնացված ինտերակտիվ ամսագրեր, բրոշյուրներ, կատալոգներ ստեղծելու համար:

Տիգրան Բադալյանը տեղեկացրել է, որ նոր հաճախորդների շարքում են ռուսական մեդիա գիգանտ Hearst Shkulev ընկերությունը, որին են պատկանում Elle, Maxim ամսագրերի ռուսական տարբերակները, ինչպես նաեւ Lewi's ընկերությունը:

Վերջին տարում գրեթե կրկնակի աճել է Joomag-ի հայաստանյան թիմը` 50 աշխատակից:

«Թիմը մեծացնելու ցանկություն կա: Այս պահին ունենք 10 թափուր աշխատատեղ, ինչպես նաեւ 15-ից ավելի աշխատակցի ներգրավելու հնարավորություն»,- նշել է Տիգրան Բադալյանը:  

Բացի Սիլիկոնյան հովտի գլխամասային գրասենյակից՝ վերջին տարում գրասենյակներ են բացվել Մյունխենում եւ Մոսկվայում, որոնք էլ Տիգրան Բադալյանի խոսքով, նպաստել են նոր հաճախորդների ներգրավմանը: