Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր հաստատել է բջջային երեք օպերատորների` Orange Armenia-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Արմենտել-ի (Beeline ապրանքանիշ) ակտիվ բաժանորդների հաշվառման կարգը:
Ինչպես նիստին հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, ընկերությունները պարտավոր են ԶԼՄ-ներում, իրենց պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ հաշվետվություններում հրապարակել ակտիվ բջջային եւ ինտերնետային բաժանորդների թիվը:
Գեւորգյանի խոսքերով, ակտիվ է համարվում վերջին երեք ամիսների ընթացքում վճարում իրականացրած, զանգ կատարած եւ sms-հաղորդագրություն ուղարկած բաժանորդը:
ԱրմենՏել-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը ասել է, որ Beeline-ի ակտիվ բաժանորդների հաշվառումը իրականացվում է հենց տվյալ սկզբունքով, եւ ընկերության համար հատուկ փոփոխություններ չեն եղել:
Orange Armenia-ի տնօրեն Բրունո Դյուտուան ասել է, որ տվյալ կարգը Միջազգային հեռահաղորդակցության միության ստանդարտ է, եւ հաշվառման նոր կարգի ներդրման արդյունքում ընկերության ակտիվ բաժանորդների թիվը կավելանա 1%-ով:
Ավելի վաղ Մեդիամաքսի հետ հարցազրույցում ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը նշել էր, որ այս փոփոխությունների արդյունքում համարային ռեսուրսը ավելի ռացիոնալ կօգտագործվի:
«Այդ փոփոխությունների արդյունքում ռեսուրսն ավելի ռացիոնալ կօգտագործվի: Օրինակ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկները SIM-քարտ են ձեռք բերում մի քանի օրով եւ մեկնելիս դեն նետում այն, սակայն քարտը մեկ տարվա ընթացքում շարունակում է մնալ համարային շարքի բազայում` որպես օգտագործվող քարտ, եւ այդ համարը, որը սահմանափակ ռեսուրս է հանդիսանում, չի կարող այդ ժամանակահատվածում օգտագործվել ընկերությունների կողմից: Մի կողմից, օպերատորները լուրջ խնդիրներ են ունենում բիլինգային համակարգում, քանի որ նրանք պետք է մշտապես կատարեն բոլոր քարտերի հաշվառումը, մյուս կողմից՝ կրճատվում է ռեսուրսը: Արդյունքում առաջանում է իրական բաժանորդային բազայի եւ ակտիվ բաժանորդների աղավաղված պատկեր: Նոր կարգի շնորհիվ մենք կարող ենք մշակել իրական ակտիվ եւ ոչ ակտիվ բաժանորդների հաշվարկման մեխանիզմ»,- ասել էր Սամվել Արաբաջյանը:
ՀԾԿՀ-ի մեկ այլ որոշմամբ Orange Armenia-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Արմենտել-ը պարտավորվում են իրենց ֆինանսական եւ տեխնոտնտեսական ցուցանիշները հրապարակել իրենց պաշտոնական կայքերում: