17:16 | 29.03.11 | Նորություններ | 3274

«ԱրմենՏել»-ը ունի լայնաշերտ ինտերնետի շուրջ 70 հազ. բաժանորդ

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) գործառնական զուտ հասույթը 2010թ. չորրորդ եռամսյակում 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 5.7%-ով` կազմելով 17 մլրդ 159 մլն դրամ  ($46,4 մլն): 2010թ. ընկերության գործառնական հասույթը 2009թ. համեմատ նվազել է 6,4%-ով` կազմելով 68 մլրդ 34 մլն դրամ ($183.8 մլն):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով «Վիմպելկոմ ԼՏԴ» գործառնական ու ֆինանսական տվյալները, 2010թ. IV եռամսյակում «ԱրմենՏել»-ի բջջային բիզնեսից ստացած գործառնական հասույթը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,1%-ով`կազմելով 7 մլրդ 41 մլն դրամ, իսկ ֆիքսված բիզնեսից ստացած հասույթը նվազել է 9.3%-ով` կազմելով 10 մլրդ 118 մլն դրամ: Ընդհանուր առմամբ 2010թ. «ԱրմենՏել»-ի գործառնական հասույթը բջջային եւ ֆիքսված բիզնեսից 2009թ. համեմատ նվազել է, համապատասխանաբար, 5.5% եւ 7%-ով:

«ԱրմենՏել»-ի գործառնական եկամուտը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը (OIBDA) 2010թ. IV եռամսյակում կազմել է 6 մլրդ 462 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 26,1%-ով: «ԱրմենՏել»-ի OIBDA ցուցանիշը 2010թ. նվազել է 20.2%-ով` կազմելով 29 մլրդ 214 մլն դրամ:

Բջջային հատվածում «ԱրմենՏել»-ի բաժանորդային պայմանագրերի թիվը 2009թ. IV եռամսյակի համեմատ ավելացել է 23,3%-ով` 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 672 հազ., իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 159,5%-ով (41,8 հազ.)` կազմելով 68 հազ.:

Հայաստանում բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) նախորդ տարվա չորրորդ եռամսյակում կազմել է 3560 դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 19,7%-ով (դոլարային համարժեքով ARPU ցուցանիշը նվազել է 13%-ով` կազմելով $10):

Միաժամանակ, MOU ցուցանիշը (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի կողմից օգտագործված րոպեների քանակը) նախորդ տարվա չորրորդ եռամսյակում 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5%-ով` կազմելով 274.9 րոպե: Ընդհանուր առմամբ 2010թ. «ԱրմենՏել»-ի MOU ցուցանիշը 2009թ. համեմատ ավելացել է 23.8%-ով` կազմելով 294.3 րոպե: