Նարինե Մկրտչյան (Photolure)
12:42 | 29.03.11 | Նորություններ | 3640
Երեւան, Մեդիամաքս: Business Software Alliance (BSA) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանում շարունակում են խախտել Microsoft ընկերության ծրագրերի հեղինակային իրավունքները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Նարինե Մկրտչյանն ասել է, որ ընկերության հեղինակային իրավունքները հիմնականում խախտվում են նյութական կրիչներ, համակարգիչներ վաճառող խանութների, որոշ վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների կողմից, որոնք օգտագործում են Microsoft-ի չլիցենզավորված ծրագրեր:
BSA ներկայացուցչի խոսքերով, լիցենզավորված ծրագրերի օգտագործման դեպքում ավելանում է նաեւ հակերային հարձակումներից էլեկտրոնային կայքերի պաշտպանվածության մակարդակը:
BSA-ն ծրագրային ապահովման արտադրողների ասոցիացիա է, որի գործունեությունն ուղղված է թվային աշխարհի ապահովությանն ու օրինականությանը: Հայաստանում կազմակերպությունը հանդես է գալիս Microsoft ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանությամբ: