16:55 | 03.07.24 | Նորություններ | 1831

ՊԵԿ-ում ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։

Այսօր տեղի է ունեցել թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) պաշտոնական բացումը։ Լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարեւորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ հարկային վարչարարության բարելավմանն ուղղղված մի շարք ծրագրերի համատեղ իրականացումը։

«Ժամանակակից թվայնացված աշխարհում հարկային հանցագործությունների եւ իրավախախտումների բնույթի փոփոխությամբ պայմանավորված՝ դրանց բացահայտումն էականորեն բարդացել է, ինչն էլ ստիպում է ներդնել թվային հետախուզության առավել արդիական գործիքակազմ։ Թվային հետախուզության լաբորատորիան առանցքային դեր է խաղում հարկային հանցագործությունների բացահայտման ընթացքում թույլատրելի թվային ապացույցների հավաքագրման եւ դրանք դատարանում ներկայացնելու գործում, ինչը մեծապես նպաստում է ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարին»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին եւս կարեւորել է այս նախաձեռնության նշանակությունը՝ հարկերից խուսափելու, խարդախության եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում.

«Մենք կարծում ենք, որ լաբորատորիան կշարունակի ավելի զարգացնել եւ ընդլայնել ՊԵԿ կարողությունները` արդյունավետ հասցեագրելու հարկային հանցագործությունները, կանխելու եւ կարգավորելու ֆինանսական ապօրինի հոսքերը, այս կերպ նպաստելով պետական ռեսուրսների մոբիլիզացմանը»:

Լաբորատորիայում գործարկվող ծրագրային ապահովումը եւ նոր գործիքակազմը հարկային մարմիններին հնարավորություն են տալիս բացահայտել, փաստաթղթավորել, անխափան հավաքագրել եւ նույնականացնել, ինչպես նաեւ մշակել եւ վերլուծել էլեկտրոնային սարքերում եւ կրիչներում պարունակվող թվային տվյալները, ինչը  կարեւոր գործիքակազմ է էլեկտրոնային ապացույցների հետաքննության համար՝ մեծացնելով ՊԵԿ-ի կարողությունները հարկային իրավախախտումների դեմ պայքարում։