22:00 | 04.10.26 | Հոդվածներ | exclusive 47

Սթիվ Ջոբսի կանխատեսած ապագան՝ նրա մահից 15 տարի անց

Հոկտեմբերի 5-ը Սթիվ Ջոբսի հիշատակի օրն է․ Apple-ի համահիմնադիրը մահացել է 2011 թվականին։ Տեխնոլոգիական աշխարհի ազդեցիկ գործչի ելույթներն ու մտքերը տարիներ անց հաճախ հիշատակվում են որպես ապագայի մասին կանխատեսումներ։ 

Վերհիշենք նրա ամենահայտնի «կանխատեսումները» եւ տեսենք՝ արդյո՞ք դրանք իրականություն են դարձել։

1983 թվականին Ջոբսը հայտարարում էր, որ համակարգիչը հաղորդակցության գերիշխող միջոց կդառնա:Այսօր համակարգիչները, սմարթֆոններն ու համացանցն իսկապես դարձել են առօրյա հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը։

Նույն թվականի ելույթներից մեկում նա նկարագրում էր «գրքի չափ» համակարգիչ, որը հնարավոր կլինի հեշտությամբ վերցնել ձեզ հետ, օգտագործել առանց լարերի, միացնել այլ համակարգիչների եւ տվյալների բազաների։ Պատկերացումը, որը 1983-ին ավելի շատ գիտաֆանտաստիկ ֆիլմի սյուժեի էր նման, տարիներ անց իրականություն դարձավ նոթբուքերի, պլանշետների ու սմարթֆոնների տեսքով։ 

photo © REUTERS


Ջոբսը խոսում էր նաեւ էլեկտրոնային քարտեզների մասին։ Նա նկարագրում էր մի համակարգ, որտեղ փողոցներն ու խաչմերուկները նկարահանվում են, իսկ օգտատերը կարող է դրանք տեսնել թվային քարտեզի միջոցով եւ վիրտուալ զբոսանք ունենալ։ Տասնամյակներ անց Google Street View-ն այդ գաղափարը դարձրեց առօրյա իրականություն։

Նրա մեկ այլ կանխատեսում վերաբերում էր ձայնի ճանաչմանը։ Ջոբսն ասում էր, որ ձայնի ճանաչման ոլորտում իրական առաջընթացի համար դեռ մեկ տասնամյակից ավելի ժամանակ կպահանջվի։ «Այսօր մենք կարող ենք իրականացնել ձայնի ճանաչման միայն պարզունակ տարբերակներ։ Խնդիրն այն է, որ հարցը միայն ձայնը ճանաչելը չէ. երբ մարդու հետ ես խոսում, լեզուն հասկանալը շատ ավելի բարդ է, քան պարզապես ձայնը ճանաչելը»։ Համատեքստը լիարժեք հասկանալու կարողությունը շատ ավելի ուշ է սկսել իրականություն դառնալ։

Որոշ կանխատեսումներում Ջոբսը նաեւ սխալվել է։ 1983 թվականին նա ենթադրում էր, որ 1986-ին ԱՄՆ-ում անհատական համակարգիչների վաճառքը կգերազանցի ավտոմեքենաներինը։ Դա տեղի չունեցավ։ Նա նաեւ կարծում էր, որ տասնամյակի ընթացքում մարդիկ համակարգիչների առջեւ օրական ավելի շատ ժամանակ կանցկացնեն, քան՝ ավտոմեքենաներում։ 

Սթիվ Ջոբսը 2005 թվականին Սթիվ Ջոբսը 2005 թվականին
photo © REUTERS


Ավելի ուշ՝ 2007 թվականին, Ջոբսը խոսում էր «post-PC» սարքերի՝ հեռախոսների, iPod-ների եւ նմանատիպ տեխնոլոգիաների արագ զարգացման մասին, բայց միաժամանակ ընդգծում՝ անհատական համակարգիչը չի վերանալու, այլ փոխելու է իր ձեւը։ Այս կանխատեսումը հետաքրքիր է նրանով, որ իրականությունն իսկապես զարգացավ ոչ թե համակարգչի անհետացման, այլ համակարգչային գործառույթների ընդլայնման ուղղությամբ։ Ի դեպ, նա ի սկզբանե կանխատեսել էր նեթբուքների «մահը»։ 

Ջոբսը ժամանակին կանխատեսել էր նաեւ մեծ լեզվական մոդելների (LLM) ի հայտ գալը.

«Խնդիրն այն է, որ այսօր մենք չենք կարող հարց տալ Արիստոտելին։ Միեւնույն ժամանակ, կարծում եմ՝ եթե առաջիկա 50-100 տարվա ընթացքում ստեղծենք այնպիսի մեքենաներ, որոնք կարող են «ընկալել» ու «պահպանել» տվյալ մարդու մտածողությունը, աշխարհայացքը, համադրել դրանք, ապա երբ ի հայտ գա «նոր Արիստոտել» եւ իր ողջ կյանքի ընթացքում մտքերը կիսի տվյալ մեքենայի հետ, մուտքագրի իր բոլոր գաղափարները, ապա մտածողության նույն մոդելը հնարավոր կլինի պահպանել նաեւ նրա մահից հետո։ Այս դեպքում մահվանից հետո էլ մենք կարող ենք հարցնել մեքենային՝ «իսկ ի՞նչ կասեր Արիստոտելն, ի՞նչ կարծիք կունենար այս հարցի վերաբերյալ»։ Գուցե, չստանանք ճիշտ պատասխանը, բայց գուցե եւ ստանանք»։ 

Սթիվ Ջոբսը 1997 թվականին Սթիվ Ջոբսը 1997 թվականին
photo © REUTERS


Ջոբսի կանխատեսումների պատմությունը ցույց է տալիս մեկ բան՝ նա տեխնոլոգիան դիտարկում էր ոչ միայն որպես սարք, այլեւ՝ մարդու վարքագիծը, աշխատանքը, հաղորդակցման ձեւը փոխող ուժ։ Սա է պատճառը, որ ավելի քան 40 տարի առաջ ասված նրա մտքերից շատերն այսօր ավելի քան արդիական են։ 

Յանա Շախրամանյան