15:40 | 03.07.24 | Նորություններ | 1757
Հուլիսի 5-ից 11-ը Գյումրիի «ՄԻՏ» կրթական կենտրոնում տեղի կունենա «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը, որի նպատակն է Հայաստանի համայնքներում ձեւավորել թռչող սարքեր պատրաստող եւ կառավարող թիմեր:
Ճամբարը կազմակարպել է «ՄԻՏ» կրթական կենտրոնը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցում են 40 պատանիներ Հայաստանի 10 համայնքներից:
Այն նախատեսված է 13-ից 15 տարեկան պատանիների համար, ովքեր իրենց համայնքում ունեն կամ կստեղծեն թռչող սարքերով հետաքրքրված թիմեր, յուրաքանչյուր թիմում՝ 4 հոգի: Ճամբարում երեխաները կմասնակցեն մասնագիտական դասընթացների, սեմինարների եւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մոտիվացնող հանդիպումների։
«Տեխնոլոգիական ճամբարը հնարավորություն է տալիս պատանիներին ստանալ արժեքավոր գիտելիքներ եւ հմտություններ, որոնք կօգնեն նրանց ոչ միայն զարգացնել իրենց հետաքրքրությունները, այլեւ նպաստել իրենց համայնքների զարգացմանը: Մենք հպարտ ենք, որ կարող ենք միասին կառուցել այս ապագան՝ ստեղծելով նորը եւ համագործակցելով ամենատաղանդավոր երիտասարդների հետ ամբողջ Հայաստանից», - նշել է «ՄԻՏ» կրթական կենտրոնի նախագահ Խաչատուր Թադեւոսյանը։