12:09 | 09.03.23 | Նորություններ | 1894

Triple S Ventures-ը ներդրում է կատարել հայկական Denovo Sciences ստարտափում

Triple-S Ventures վենչուրային ֆոնդը հայտարարել է հայկական Denovo Sciences ստարտափում ներդրում կատարելու մասին: Գործարքի չափը կազմում է 100 հազար դոլար:

Ստարտափի հիմքում մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով նոր դեղանման միացությունների նախագծումն է տարբեր թիրախների նկատմամբ:

Ներկայում թիմը կենտրոնացած է հեպատիտ B վիրուսի, մարդու կորոնավիրուսների եւ գրիպի վիրուսների դեմ հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուների մշակման վրա։ Մասնավորապես, քրոնիկ հեպատիտ B վիրուսի դեմ դեղամիջոց չկա, եւ դրանով վարակված է 300 միլիոն մարդ:

«Նոր դեղամիջոցներ գտնելը կարող է տեւել 10 տարի եւ պահանջել մոտ 3 միլիարդ դոլար, իսկ վերջին տարիներին դեղագործական արդյունաբերության կողմից մեծ հետաքրքրություն է նկատվել՝ դեղամիջոցի նոր թեկնածուներ գտնելու համար օգտագործելու արհեստական ինտելեկտը: Բայց եթե ցանկանում եք մշակել նոր դեղամիջոցի թեկնածու նոր թիրախի/հիվանդության դեմ, սովորաբար բավարար տվյալներ չունեք ալգորիթմները վարժեցնելու համար: Ահա թե ինչու մենք կառուցել ենք Denovo-ի եզակի տեխնոլոգիան, որը տվյալներից անկախ է եւ հատուկ նախագծված է՝ աշխատելու թերապեւտիկ թիրախների հետ, որոնք ունեն քիչ կամ բացակայող փորձարարական տվյալներ», - ասել է ստարտափի համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը։

«Denovo Sciences-ը ստեղծել է նոր լուծում՝ ուղղված դեղերի հայտնաբերման ոլորտում կարեւորագույն խնդրի լուծման, եւ ես վստահ եմ, որ համագործակցությունը Triple S VC-ի հետ թույլ կտա զարգացնել ընկերությունը եւ առաջ տանել հակավիրուսային դեղերի հայտնաբերման իրենց նախագծերը։ Triple S-ի համար այս ներդրումը կարեւորվում է նաեւ նրանով, որ հնարավորություն ենք ստացել աջակցել Հայաստանում աշխատող գիտական ներուժին»,- նշել է վենչուրային ֆոնդի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք հեռաբժշկության հարթակ մշակած հայկական Docus ստարտափում Triple-S Ventures-ի ներդրման մասին։

Triple-S VC-ն նոր ֆոնդ է, որը հիմնադրվել է 2022 թվականին Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի եւ Ավագ Սիմոնյանի կողմից ու թիրախավորում է սկզբնական փուլերում գտնվող ստարտափներին: Վենչուրային ֆոնդի ստեղծման եւ նպատակների մասին կարող եք ընթերցել այստեղ: