14:29 | 03.08.22 | Նորություններ | exclusive 17487

Արթուր Ջանիբեկյանը և Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիրները մեկնարկում են Triple S Ventures-ը

Սիսայդ Ստարտափ Սամմիթի համահիմնադիրներ Հակոբ Հակոբյանը եւ Ավագ Սիմոնյանը մեդիա մենեջեր, ձեռներեց Արթուր Ջանիբեկյանի հետ հիմնել են նոր միջազգային վենչուրային ընկերություն՝ Triple S Ventures-ը:

Triple S-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում եւ սփյուռքում։ Ֆոնդը թիրախավորում է ստարտափներին նախասաղմնային (Pre-seed) կամ սաղմնային (Seed) փուլում։

Ներդրումները կենտրոնացված կլինեն արհեստական բանականության (AI), ֆինտեխի (Fintech), SaaS հարթակների, ստեղծարար տնտեսության (Creator economy)  եւ Blockchain տեխնոլոգիաների ոլորտներում:

ITel.am-ի հետ զրույցում TripleS-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյանը նշել է, որ վենչուրային ֆոնդը հիմնելու գաղափարը ծնվել է դեռ 2018-ից Սեւան Ստարտափ սամիթի եւ Սիսայդ ստարտափ սամիթի կազմակերպման ընթացքում:

«Նախկինում հենց SSS-ի ֆոնդով մի շարք ներդրումներ ենք արել։ Ամենահաջողված օրինակը SuperAnnotate AI-ն է։ Հասկացանք, որ բացի կրթությունից ու կապերից, հասունացել է նաեւ ներդրումներ կատարելու պահը։ Կորոնավիրուսն ու պատերազմը մեզ մոտ ամրապնդեցին այդ ցանկությունը։

Triple S-ը աջակցելու է SSS-ին։ Մասնակից թիմերն արդեն իսկ դիտարկվելու են ֆոնդի կողմից։ Հաղթողները միանգամից հնարավորություն կստանան մեր ֆոնդի գործընկերներին ներկայացնել իրենց գաղափարներն ու պրոդուկտները։ Կախված ստարտափ ընկերության փուլից՝ պլանավորում ենք մինչեւ $250 հազար ներդրումներ անել։

Մեր ֆոնդը կարեւորում է ներդրումները մասշտաբային եւ խոստումնալից նախագծերի մեջ: Ներդրումներ ենք անելու թե միջազգային, թե հայկական ընկերություններում։ Նախապատվությունը տալու ենք հայ հիմնադիրներ ունեցող ընկերություններին, բայց նաեւ միջազգային ներդրումներ ենք կատարելու այն նախապայմանով, որ այդ ընկերություններն իրենց գիտահետազոտական (R&D) կենտրոնները բացեն Հայաստանում կամ աշխատեն, համագործակցեն արդեն իսկ առկա թիմերի ու ընկերությունների հետ»,- ասել է Ավագ Սիմոնյանը։

Triple S-ը համախմբելու է միջազգային ձեռներեցների, ներդրողների, փորձագետների եւ մենտորների, որոնք կբացահայտեն տաղանդավոր երիտասարդներին, կառաջնորդեն նրանց գաղափարները իրագործելու ճանապարհին, կստեղծվի ցանց, որտեղ երիտասարդները կստանան իրավական, մարքեթինգային եւ ֆինանսական գիտելիքներ ու փորձառություն: Նախատեսում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում ներդրում կատարել մոտ 30 ստարտափ ընկերության մեջ:

Triple S-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը վերջին տարիներին արդեն ներդրումներ է կատարել ավելի քան 15 ստարտափնում եւ հետաքրքրված է նորարարական ստարտափ մշակույթի զարգացմամբ։

«Մեծ ՏՏ ներուժ կա ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհասփյուռ հայ երիտասարդության շրջանում։ Ցանկանում ենք բացահայտել երիտասարդ, կենսունակ ձեռներեցների եւ օգնել նրանց գաղափարները դարձնել իրականություն։ Մեր ներդրումն այս գործում կլինի ոչ միայն ֆինանսական միջոցներ տրամադրելը, այլեւ մենտորների եւ մասնագիտական մեծ ցանցերի հետ կապի ապահովումը», - նշել է նա:

 «Ֆոնդում միավորել ենք հաջողության հասած մեր փորձառու ձեռներեց-գործընկերներին, ովքեր միջազգային տեխնոլոգիական աշխարհում մեծ փորձ ունեցող գուրուներ են։ TripleS-ում խոստումնալից թիմերը օգտվելու են այն հմտություններից, գիտելիքներից եւ փորձից, որը կուտակել ենք տարիների ընթացքում, ինչն էլ հնարավորություն կտա այդ ստարտափներին զարգանալ արագ տեմպերով»,- ասել է ֆոնդի գործընկեր Զարե Բաղդասարյանը։

Triple S-ը շուտով կմեկնարկի նաեւ ԱՄՆ-ում՝ հարավային Կալիֆոռնիայում։ Հետագայում նախատեսվում է ընդլայնվել ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի շուկաներում: Վենչուրային ֆոնդը բաց է նոր առաջարկների ու համագործակցությունների համար։