10:20 | 21.02.23 | Նորություններ | 10736
Triple-S Ventures վենչուրային Ֆոնդը հայտարարել է 2023-ի առաջին ներդրման մասին, որը կատարել է հեռաբժշկության հարթակ մշակած հայկական Docus ստարտափում: Գործարքի չափը կազմում է 250 հազար դոլար:
Docus-ը նորարարական հարթակ է, որը հնարավորություն է տալիս հիվանդներին եւ խնամակալներին օգտվել լավագույն բժշկական օգնությունից՝ երկու առաջատար բժիշկների համագործակցության միջոցով՝ մեկ տեղական եւ մեկ միջազգային, այդկերպ մեծացնելով ճշգրիտ ախտորոշում եւ բուժում ստանալու հնարավորությունը:
Docus-ի շնորհիվ զարգացող երկրների բժիշկները համագործակցում են հարյուրավոր լավագույն բժշկական փորձագետների հետ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից՝ հիվանդներին հնարավորինս լավագույն օգնություն ցուցաբերելու համար:
Առավել ծանր հիվանդները մտահոգված են իրենց ախտորոշման ու բուժման պլանի համար եւ հաճախ ձգտում են երկրորդ կարծիք ստանալ: Սա հիմնավոր մտահոգություն է՝ հաշվի առնելով, որ սխալ ախտորոշումը համարվում է մահվան 3-րդ ամենատարածված պատճառներից, իսկ վիրահատությունների 30%-ն իրականում ավելորդ է:
Ներկայում Docus-ը կենտրոնացած է Հնդկաստանի շուկայի վրա:
«Մենք այժմ կենտրոնանում ենք Հնդկաստանի առողջապահության ոլորտի վրա, քանի որ ապագան հասկացող շատ հնդիկ բժիշկներ բաց են համագործակցելու ԱՄՆ եւ Եվրոպայի բժիշկների հետ։ Ավելին, որպես երկրորդ լեզու նրանք խոսում են անգլերեն»,- նշել է Docus-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռոբերտ Սարգսյանը:
«Ես վստահ եմ, որ Docus-ի եւ Triple-S-ի համագործակցությունը թույլ կտա ստարտափին արագ ընդլայնվել հնդկական շուկայում: Մենք կարծում ենք, որ սա նախադեպ կլինի հնդկական շուկայում հայկական ստարտափների հաջողության համար»,- ասել է վենչուրային ֆոնդի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը։
Triple-S VC-ն նոր ֆոնդ է, որը հիմնադրվել է 2022 թվականին Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի եւ Ավագ Սիմոնյանի կողմից ու թիրախավորում է սկզբնական փուլերում գտնվող ստարտափներին:
Վենչուրային ֆոնդի ստեղծման եւ նպատակների մասին կարող եք ընթերցել այստեղ: