17:41 | 20.02.23 | Նորություններ | 1213

Instagram-ի եւ Facebook-ի օգտատերերի վերիֆիկացիան վճարովի կդառնա

Instagram-ի եւ Facebook-ի օգտատերերն այժմ կկարողանան վճարել կապույտ  ստուգանշանի համար, հայտարարել է Meta ընկերությունը։

Այն կարժենա ամսական 11,99 դոլար, իսկ 14,99 դոլար՝ iPhone-ի օգտատերերի համար: Այս շաբաթ այն հասանելի կլինի Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ այս քայլը կբարելավի սոցիալական մեդիայի հավելվածների անվտանգությունն ու իսկությունը:

Այս քայլը տեղի է ունեցել, երբ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը 2022 թվականի նոյեմբերին ներդրեց Twitter Blue-ի պրեմիում բաժանորդագրությունը:
Meta-ի վճարովի բաժանորդագրության ծառայությունը դեռեւս հասանելի չէ բիզնեսի համար, սակայն ցանկացած անհատ կարող է վճարել ստուգանշանի համար:

Բաժանորդագրությունը վճարող օգտատերերին բացի կապույտ ստուգանշանից կտրամադրի նաեւ գրառումների տեսանելիության բարձրացում, նմանակողներից պաշտպանություն եւ հաճախորդների սպասարկման ավելի հեշտ հասանելիություն։

Այլ կայքեր, ինչպիսիք են Reddit-ը, YouTube-ը եւ Discord-ը, նմանապես օգտագործում են բաժանորդագրության վրա հիմնված մոդելներ:

Meta-ն նաեւ ասել է, որ վերիֆիկացիան ստանալու համար Instagram-ի եւ Facebook-ի օգտահաշիվների անունները պետք է համընկնեն կառավարության կողմից տրամադրված անձը հաստատող փաստաթղթի հետ։ Բացի դրանից, օգտատերերը պետք է ունենան պրոֆիլի լուսանկար, որում հստակ երեւում է օգտատիրոջ դեմքը։

Meta-ն դեռ չի հստակեցրել, թե երբ նոր գործառույթը կներկայացվի այլ երկրներում, թեեւ Ցուկերբերգն իր գրառման մեջ նշել է, որ դա կլինի «շուտով»: