12:02 | 20.06.22 | Նորություններ | 1563

BigStory VC-ն $250 000 ներդրում է կատարել հայկական Docus-ում

BigStory VC վենչուրային հիմնադրամը $250 000-ի ներդրում է կատարել Docus ընկերությունում, որի մշակած տելեբժշկության հարթակը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«Անցած տարի նոյեմբերից Ռոբերտը եւ Գեւորգը, թողնելով իրենց Մոսկվայի շահութաբեր բիզնեսը, տեղափոխվում են Հայաստան եւ սկսում Docus ընկերությունը: Docus-ը առաջարկում է հեղափոխական նոր մոտեցում՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ:
Տեղական հիվանդանոցում աշխատող մասնագետը եւ նրա եվրոպացի գործընկերը կազմում են բժշկական խորհուրդ՝ այսպիսով զարգացող երկրում ապրող հիվանդին հասանելի դարձնելով լավագույն բժշկական գիտելիքը»,- գրել է նա։

ԲիգՍթորին արդեն իսկ ներդրումներ է կատարել BlueQubit, ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill ստարտափներում։

Itel.am-ը հիշեցնում է, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։