18:05 | 18.02.22 | IT մարզեր | exclusive 39624

IT Արցախ. CapitalSoft-ը, Instigate Mobile-ը, Breengy-ն եւ ՏՏ դասընթացները

Itel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացրել է Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների աշխատանքը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները:

Շարքն ամբողջական չէր լինի առանց Արցախին անդրադառնալու:

Ներկայացնում ենք Արցախի Հանրապետությունում գործող ՏՏ ընկերություններին, որոնք, չնայած 2020թ.-ի պատերազմից հետո առկա դժվարություններին, շարունակում են գործունեությունը:

Արցախում հիմնադրված CapitalSoft-ը

Բիզնես գաղափարների նախագծմամբ, ավտոմատացմամբ եւ թվայնացմամբ զբաղվող CapitalSoft ընկերությունն Արցախում հիմնադրվել է 2017թ.-ին: Այն Արցախում ստեղծված ամենաշատ աշխատակից ունեցող ընկերությունն է:

Հիմնադիր-տնօրեն Արթուր Մնացականյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է լայն գործունեություն ծավալել ներքին եւ արտաքին շուկաներում, բայց պատվերների մեծամասնությունը արտասահմանից են ստանում:

Արթուր Մնացականյանը Արթուր Մնացականյանը


«Իրականացվող նախագծերից բացի՝ մեր գործունեության խնդիրներից մեկը բարձրորակ մասնագետներ պատրաստելն է: 2017թ.-ից սկսած ընկերությունը պարբերաբար ծրագրավորման անվճար դասընթացներ է կազմակերպում, որի արդյունքում էլ աշխատակիցների թիվն է համալրում:

2020թ.-ի պատերազմից հետո կրկին դասընթացներ նախաձեռնեցինք եւ մեր 10 հոգանոց թիմը կրկնապատկեցինք»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Մնացականյանը:

Ընկերության հիմնադրի խոսքով՝ իրենց նպատակն է հետպատերազմյան շրջանում Արցախում երիտասարդների զբաղվածությունը խնդիրը մի փոքր թեթեւացնել, ինչն այս պահին թույլ է տալիս ընկերության ներուժը. «Այս տարի եւս դասընթաց կկազմակերպենք, կբացահայտենք տաղանդների եւ կփորձենք նրանց մասնագիտական որակների բարձրացման հարցում մեր ներդրումն ունենալ»:

Instigate Mobile-ը Ստեփանակերտում

Հայկական եւ օտարերկրյա ընկերությունների համար ծրագրային ապահովման եւ ինժեներական գաղափարներ իրականացնող Instigate Mobile-ն իր մասնաճյուղն Արցախում բացել է 2012թ.-ին:


Ստեփանակերտի մասնաճյուղն այս պահին 10 աշխատակից ունի, որոնք «full stack developer» են համարվում, այսինքն՝ ավելի ճկուն մասնագետներ, որոնք կախված նախագծից կարող են աշխատել տարբեր ուղղվածություններով եւ ծրագրավորման լեզուներով:


Մասնաճյուղի ղեկավար Արսեն Աբրահամյանը նշել է, որ բացման օրից «Ինսթիգեյթ» ուսումնական կենտրոնը ժամանակ առ ժամանակ անվճար դասընթացներ է կազմակերպում ոլորտով հետաքրքրվողների համար. «Այս պահին էլ ունենք 32 աշակերտ, որոնք սովորում են web եւ mobile ծրագրավորման լեզուներ, ուսումնասիրում են Linux օպերացիոն համակարգը: Դասընթացներն ավարտածները դառնում են սկսնակ ծրագրավորման մասնագետներ եւ հնարավորություն են ստանում աշխատել թե մեր, թե ոլորտի այլ ընկերություններում»:

Breengy՝ տրանսպորտային խնդիր լուծող ստարտափը

Ճանապարհածախսը կիսելու, մատչելի տարբերակով եւ հարմարավետ մեքենաներով ճանապարհորդելու տարբերակներ է առաջարկում Արցախում ստեղծված Breengy-ի ստարտափը:

Breengy-ի համահեղինակ Տիգրան Էլյազյանն ասում է, որ ստարտափը հնարավորություն է տալիս վարորդներին եւ ուղեւորներին գտնել միմյանց եւ կիսել ուղեւորությունը:

Տիգրան Էլյազյանը Տիգրան Էլյազյանը


«Breengy-ն ներդրել է արտասահմանում արդեն վաղուց կիրառվող carpooling հասկացությունը, այսինքն՝ մեքենաների համատեղ օգտագործումը մի քանի հոգու կողմից: Օրինակ՝ Երեւանից Ստեփանակերտ եկողը, եթե իր մեքենայում ազատ տեղ ունի, հայտարարում է ուղեւորության մասին, մեկ ուրիշը մեքենայում տեղ է ամրագրում:

Ստարտափի գաղափարի վրա աշխատում էինք դեռ 2019 թվականի վերջից: Դրա նախագծի վրա երկուսով էինք աշխատում՝ ես եւ գործընկերս, հետո թիմը համալրվեց եւ դարձանք 7 հոգի: Արդեն բավականին գործ էինք արել պրոդուկտի վրա, երբ պատերազմը սկսեց, աշխատանքը կիսատ թողեցինք ու սկսեցինք ֆրիլանս աշխատանքով զբաղվել:


Անցած տարի Արցախի Techweek-ի ընթացքում անցկացված «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթում 2-րդ մրցանակային տեղ զբաղեցրեցինք, որից ստացած գումարով էլ արդեն ստարտափի ողջ նախատիպը պատրաստեցինք, ներկայում փորձարկումների փուլում ենք»,- պատմել է Տիգրանը:

Synergy-ն, Tumo-ն եւ «Արմաթ»-ի լաբերը

Արցախում IT համայնքի զարգացման գործում արդեն երկար տարիներ իրենց ներդրումն են բերում Synergy Armenia-ն եւ Tumo կենտրոնը:

Synergy-ն Արցախում իր մասնաճյուղը բացել է 2012 թվականին եւ այս տարիների ընթացքում մասնաճյուղում 50-ից ավելի աշխատակից ներգրավել: Ընկերությունը գրեթե ամեն տարի դասընթացներ են անցկացրել ու աշխատատեղ ապահովել սկսնակների համար:


Tumo-ն ստեղծարար տեխնոլոգիաների իր կենտրոնը Ստեփանակերտում բացել է 2015թ.-ին: 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, լուսանկարչություն, գրաֆիկական դիզայն եւ այլ հմտություններ սովորեցնող կենտրոն է այս պահին հաճախում արցախցի ավելի քան 600 ուսանող Ստեփանակերտից եւ շրջակա բնակավայրերից։


ՏՏ ոլորտում արցախցի երիտասարդների ներգրավվածության ավելացմանը կնպաստի նաեւ օրեր առաջ Արցախի Մարտակերտ քաղաքում բացված առաջին Թումո տուփը: Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ իրենք այսքանով չեն ավարտելու իրենց առաքելությունն Արցախում եւ առաջիկայում տուփեր կբացվեն Ասկերանում ու Մարտունիում եւս:

Կարմիր շուկայի «Արմաթ» լաբորատորիան Կարմիր շուկայի «Արմաթ» լաբորատորիան


10 տարեկանից բարձր դպրոցահասակ երեխաներին ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում եւ տպագրություն, շաղափային եւ լազերային փորագրություն սովորեցնող «Արմաթ»-ի առաջին ինժեներական լաբորատորիաները Արցախում բացվել են 2016թ.-ին: Հետագայում դրանց թիվը զգալիորեն աճել է, սակայն 2020թ.-ի պատերազմից հետո շատերը մնացին Արցախի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում:

Ներկայում Արցախում գործող «Արմաթ» լաբորատորիաների թիվը հասնում է 21-ի, որոնցից մի քանիսը բացվել են պատերազմից հետո:

2022թ. հունվարին հայտնի դարձավ, որ Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Կրթական նախագիծն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից, նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է։

«Մունք» տեխնոդպրոց ստեղծելու դրամահավաքն ընթանում է «ռեԱրմենիա» հարթակում, հետեւյալ հղումով.

https://www.rearmenia.com/hy/project/940391dc-f9e1-446c-a2b1-d023f7e9ddf1

Կարդացեք նաեւ. Գեղարքունիքի առաջին IT գործատուն, Tesvan-ը եւ AIST Global-ի առաջին քայլերը

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-ն

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Տավուշը տեխնոլոգիաներին կապող Digital Wave-ը, Vectre-ը, Tumo-ն եւ «Արմաթ»-ը

Կարդացեք նաեւ. IT Շիրակ. Առաջատար մարզը եւ 3 տասնյակից ավելի ընկերությունները

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Կոտայք տեղափոխված Bitlismen-ը, «Ռոստելեկոմ»-ի գլխամասն ու ՏՏ կրթություն ապահովողները

Կարդացեք նաեւ. IT Արագածոտն. Աշտարակի HydraLab-ը, Թալինի TakeAR-ը եւ կրթական ծրագրերի կարիքը

Կարդացեք նաեւ. IT Սյունիք. Instigate, AugmentAr, SarsUp. SisTeam

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Արարատը, Արմավիրը եւ Վայոց ձորը

Արփի Ջիլավյան