14:29 | 07.04.20 | Նորություններ | exclusive 7583
Շուրջ 10 օր առաջ Ինժեներական քաղաքում մեկնարկել են Թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքերի նախատիպերի մշակման եւ առկա սարքերի վերանորոգման աշխատանքները։
Itel.am-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից (ՁԻՀ) տեղեկացրել են, որ արդեն կարելի է խոսել գրանցված տպավորիչ արդյունքների մասին: Տեղական ուժերով հնարավոր է եղել ոչ միայն իրականացնել առկա սարքերի վերանորոգման աշխատանքներ, այլեւ պատրաստել համանման սարքերի նախատիպեր։
«Նախատիպերի մշակման նպատակով ուսումնասիրվել են 45-ից ավելի կոնցեպտներ, որոնց շուրջ 80%-ը հարակից վնասներ են հասցնում մարդու առողջությանը։ Այս ուսումնասիրությունների արդյունքում մշակվել է մի նախատիպ, որտեղ բացակայում կամ առնվազն նվազագույնի են հասցվել նման խնդիրները։ Այլ խոսքով՝ կյանքի է կոչվում ամբողջությամբ նոր սարք»,- ընդգծել են ՁԻՀ-ում:
Նախատիպերի մշակման աշխատանքներին մասնակցել են Ինժեներական քաղաքի 7 ընկերություններ` ԵԻԱ Ինժեներինգ, Նեյշնլ Ինսթրումենթս, Ինտեգրատոր, Փրոջեկտ Ինտեգրեշն, ՕԼԻՄՊ Ենջիներինգ, ՎԱՆ Թեքնոլոջիս, Գրովֆ, ինչպես նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, մասնավորապես՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) ուսանողներ, ներգրավվել են նաեւ բժիշկներ եւ այլ մասնագետներ:
ՁԻՀ-ում նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ հիմք է դրվել մի արտադրատեսակի, որը մշակվել է Հայաստանի Ինժեներական քաղաքում, ինչը մեկ անգամ եւս հաստատում է «Ինժեներական քաղաք»-ի, որպես տեխնոլոգիական ներուժի կենտրոնացման եւ համախմբման ենթակառուցվածքային միավորի ձեւաչափի կարեւորությունն ու արդյունավետությունը։
Այժմ ընթանում է նախատիպի թեստավորման եւ մշակման գործընթացը, որն անհրաժեշտ է զանգվածային արտադրության փուլից առաջ։
Հիշեցենք, որ արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու համար անցած շաբաթ Ինժեներական քաղաք էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայ մասնագետները վարչապետին պատմել էին, որ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա: Միաժամանակ նշվել էր, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում: