13:58 | 03.04.20 | Նորություններ | 2325

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»:

Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետեւ վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին:

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա եւ կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները եւ նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը: