13:07 | 03.04.20 | Նորություններ | 3196

Zoom-ը հայտարարել է անվտանգության աուդիտի մասին՝ ի պատասխան քննադատություններին

Zoom ընկերությունը, որին պատկանում է վերջին շրջանում մեծ ակտիվություն գրանցող համանուն մեսենջերը, որոշել է 90 օրով դադարեցնել նոր գործառույթների մշակման աշխատանքները եւ անվտանգության աուդիտ անցկացնել:

Նման որոշման պատճառը մեսենջերի անվտանգությանն առնչվող մի շարք մտահոգություններն են: Վերջերս հայտնի դարձավ, որ SpaceX ընկերությունն, օրինակ, իր աշխատակիցներին արգելել է օգտագործել Zoom-ը՝ «անվտանգության եւ գաղտնիության հետ կապված զգալի խնդիրների» պատճառով:

Zoom-ը հայտարարել է, որ անկախ փորձագետների մասնակցությամբ կիրականացնի համապարփակ աուդիտ՝ հասկանալու առկա խնդիրները եւ ապահովելու օգտատերերի տվյալների անվտանգությունը:

Նշենք, որ Zoom-ի Windows տարբերակում հայտնաբերվել էր խոցելիություն, ինչի արդյունքում առաջացել էր օգտատերերի տվյալների արտահոսքի հավանականություն: Վերջին շրջանում նաեւ աճել է մեսենջերում գրանցված ֆեյքերի թիվը, որոնց միջոցով հաքերները համոզում են օգտատերերին ներբեռնել վնասաբեր ծրագրեր: Բացի դա, մտահոգություններ են հնչում, որ Zoom-ում end-to-end գաղտնագրման մասին հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը: